Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ասատրյանի պաշտպան Էմին Բեգլարյանը՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Վանիկ Ասատրյանի վերաբերյալ առաջին գործողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին, երբ խուզարկել են նրա բնակության վայրը, որից հետո՝ հուլիսի 3-ին որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրն էլ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորման վերաբերյալ։ Պաշտպանի խոսքով՝ կալանավորման միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը ծավալուն էին և պաշտպանական կողմի խնդրանքով դատական նիստը հետաձգվել էր մինչև հուլիսի 6-ը, իսկ դատարանի որոշումը հրապարակվել է հուլիսի 7-ին։

Էմին Բեգլարյանը տեղեկացրեց, որ բարձրացվել է քննչական ենթակայության հարցը, մասնավորապես՝ պաշտպանական կողմը վստահեցնում է, որ ընտրակաշառքի վերաբերյալ գործերը պետք է քննվեն բացառապես ՀՔԾ-ում և այդ կապակցությամբ բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և ընդհանուր իրավասության դատարան։ Ըստ նրա՝ թեև դատարան դիմելու համար անհրաժեշտ է նախ բողոքարկել դատախազություն, բայց պաշտպանն այդտեղ խնդիր է տեսնում, քանի որ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է գլխավոր դատախազի հանձնարարականով։ Բեգլարյանի խոսքով՝ ձևական մասը պահպանելու նկատառումից ելնելով՝ նախ բողոք է ներկայացվել գլխավոր դատախազին՝ իր իսկ գործողությունների վերաբերյալ՝ պահանջելով վերացնել տեղի ունեցող ապօրինությունները։

Հարցին, թե արդյո՞ք Ասատրյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է՝ պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքի որոշման բովանդակությունից հետեւում է, որ կա կոնկրետ անձ, որը Վանիկ Ասատրյանի դեմ ցուցմունք է տվել և հենց այդ պահին գրավոր միջնորդել են քննիչին՝ ապահովելու Վանիկ Ասատրյանի և իր դեմ ցուցմունք տված անձանց առերես հարցաքննությունը։

Վարույթն իրականացնող մարմնի պահանջով հուլիսի 4-ին ներկայացել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ առերես հարցաքննության, բայց այն այդպես լ տեղի չի ունեցել։ : «Գնում ենք քննչական դեպարտամենտ, ընդ որում՝ բակում տեսնում անձին, ով ենթադրաբար ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ և սպասում ենք, որ առերեսում տեղի ունենա: Առավոտյան ժամը 09:30-ից մինչև ժամը 16:30 սպասել ենք, առերես հարցաքննություն այդպես էլ տեղի չի ունեցել, ինչից կարելի է ողջամտորեն ենթադրել, որ առերես հարցաքննություն իրականացնելու նպատակները, հիմքերը վերացել են։ Այսինքն՝ եթե քննիչը որոշեց այդ անձին հարցաքննելուց հետո առերես հարցաքննություն չիրականացնել, կարող ենք պնդել, որ հակասություն առկա չէ»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ այդ մասին բարձրաձայնել են նաև դատարանում՝ կալանքի միջնորդության քննության ժամանակ։ Ըստ նրա՝ դատարանը պահանջել է այդ անձի երկրորդ ցուցմունքի պատճենը, սակայն քննիչը հրաժարվել է ներկայացնել այն՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը, ինչը պետք է դատարանի համար ազդակ հանդիսանար, որ պաշտպանական կողմի ենթադրությունները հաստատվում են, սակայն դատական ակտում դատարանը դրան չի անդրադարձել, փոխարենը՝ կալանավորելու մասին որոշման հիմքում դրվել է այդ անձի ցուցմունքը:

Ճշգրտող հարցին, թե այդ անձը գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի՝ պաշտպանը նշեց, որ առերես հարցաքննությանը սպասելու ընթացքում տեսել է, որ նա ներկայացել է փաստաբանի հետ, կարելի է ենթադրել, որ ունի դատավարական կարգավիճակ, բայց ոչ վկայի, հատկապես, երբ վերջինս հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ կասկածյալի իրավունքներով: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ մեղադրանքը եղել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա՝ Բեգլարյանը նշեց, որ մեկ անձի ցուցմունքը հեղհեղուկ է, քանի որ սկզբից մեկ ցուցմունք է տվել, հետո կարելի է ենթադրել, որ այլ բան է հայտնել։ Բացի այդ՝ միջնորդությանը կցված են եղել փաստաթղթեր, որոնցով, ըստ պաշտպանի, որևէ կերպ չի հիմնավորվում Ասատրյանի առնչությունը մեղսագրվող արարքին:

«Բացի այդ՝ թույլ են տրվել մի շարք կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոսքը բնակարանի խուզարկության մասին է: Դատարանի թույլտվությամբ նրանք պետք է խուզարկեին բոլորովին այլ հասցե, ինչը հավասարազոր է առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնելուն: Բացի այն, որ ամբողջ վարույթն է ապօրինի, նշված խուզարկության թույլտվություն չունենալով խուզարկություն կատարելն է ապօրինի, դրա արդյունքում առգրավված նյութերը չեն կարող որպես ապացույց օգտագործվել »,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ խուզարկություն կատարելու մասին որոշումը բողոքարկվել է:

Նշենք, որ Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար, ինչը համարվում է միջին ծանրության արարք, հետևաբար՝ վաղեմության ժամկետը 5 տարի է, իսկ ընտրակաշառքի գործը վերաբերում է 2017թ Խորհրդարանական ընտրություններում՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ընտրողներին ենթադրյալ կաշառք բաժանելու դեպքին: Պաշտպանն ասաց, որ մամուլից տեղեկացել է, որ սույն քրեական գործով 100-ից ավել խուզարկություն է կատարվել, ընդ որում՝ նախկին պատգամավորների և գործող պատգամավորների բնակարաններում, աշխատասենյակներում, գրասենյակներում և, հաշվի առնելով դատական պրակտիկան, ողջամտորեն կարելի է ենթադրել, որ երկու տարում դժվար թե գործի քննությունն ավարտվի:

Բեգլարյանն ընդգծեց, որ խնդիր կա նաև առաջադրված մեղադրանքի որոշակիության հետ, մասնավորապես՝ նշված է, որ ենթադրյալ արարքները կատարվել են 2017թ ապրիլին նախորդող ժամանակահատվածում, այսինքն՝ 2017թ ապրիլին նախորդող ժամանակահատված է նաև 2010թ, 2011 թվականը և ցանկացած կասկած պետք է փարատվի՝ հօգուտ մեղադրյալի: Ինչ վերաբերում է հոդվածի որպես պատիժ տուգանքը սահմանելու հանգամանքին, Բեգլարյանը նշեց, որ օրենսդրությամբ կարելի է կալանավորման միջնորդությամբ հանդես գալ, եթե նախատեսվող պատիժը 1 տարուց ավել է, այսինքն՝ օբյեկտիվ տեսանկյունից քննչական մարմինն օրենք չի խախտում, բայց դատական պրակտիկայում շատ են դեպքերը, որ միջին ծանրության արարքների համար, երբ որպես պատիժ նաև տուգանքն է նախատեսվում, քննչական մարմիններն առհասարակ կալանավորման միջնորդությամբ հանդես չեն գալիս:

Պաշտպանն ընդգծեց, որ 2020թ օրենսդրական փոփոխություններից հետո նախաքննական մարմինը կարող է նաև որպես խափանման միջոց կիրառել գրավը և պատշաճ հիմնավոր չէ, թե ինչու անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Փաստաբանը տարակուսելի համարեց նման գործելաոճը՝ նշելով, որ Վանիկ Ասատրյանի անձը հաշվի առնելով չկար նման միջնորդության կարիք, հատկապես, որ վերջինս ունի առողջական խնդիրներ՝ շաքարային դիաբետ, նյարդային համակարգի հետ խնդիրներ կան, շուրջ երկու ամիս է ներարկումներով բուժում է ստանում, ունի խնդիրներ տեղաշարժման հետ և դատական նիստին ներկայացել է ձեռնափայտով: Պաշտպանը նաև հիշեցրեց ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկուցը, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պետությունները պետք է զերծ մնան անձանց նկատմամբ անազատության վերաբերյալ խափանման միջոցներ ընտրելուց, իսկ արդեն անազատության մեջ գտնվող խափանման միջոցները պետք է վերանայվեն և այդ համատեքստում պաշտպանը Ասատրյանին կալանավորելը որակեց որպես անհիմն:

Հարցին, թե արդյո՞ք Ասատրյանը ցուցմունք տվել է եւ փորձում են ցուցմունք կորզել, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ, պաշտպանը նշեց, որ Վանիկ Ասատրյանը հարցաքննվել է եւ հայտնել, որ որևէ կապ չունի ընտրակաշառքի հետ, որևէ մեկից հրահանգ չի ստացել, որևէ մեկը նրան ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, հետևաբար՝ ըստ նրա հայտնածի՝ Գագիկ Ծառուկյանն իր հետ որևէ առնչություն չունի և, եթե առնչություն չունի, ապա Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել