Hraparak.am-ը գրում է․

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որը պետական հիվանդանոց է, ապրիլից այս կողմ ընդամենը երկու անգամ են բուժաշխատողներին պարգեւավճար տվել։ Եվ դրանցից միայն մեկն է եղել հիվանդանոցի բյուջեի հաշվին, մյուսը եղել է «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների նվիրաբերած գումարներով։ Այս մասին ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Թվում էր, թե Covid-19-ի բուժման համար վերապրոֆիլավորված հիվանդանոցում պետք է բուժաշխատողների աշխատավարձերը բարձրանային, պարգեւավճարներն ավելանային, բայց մի բան էլ պակասել են կամ առնվազն նույն գումարն են ստանում, թեեւ մի քանի անգամ ավելի ծանր աշխատանք են կատարում։ Մեզ ասացին, որ հունիսի 21-ին՝ Բուժաշխատողի օրվա առթիվ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունից «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմին պատվոգրեր են բաժանվել, մի քանիսին՝ մեդալներ։ Որեւէ նյութական խրախուսում չի եղել, եւ դա զայրացրել է հիվանդանոցի բուժանձնակազմին։ Ասացին՝ նախկինում, երբ հիվանդանոցը ղեկավարում էր Արա Մինասյանը, Բուժաշխատողի օրվա առթիվ միշտ պարգեւավճար են ստացել, իսկ այս անգամ «չոր թղթի կտոր» են տվել՝ պատվոգրեր, եւ դա հարուցել է ԲԿ-ի բուժաշխատողների բողոքն ու դժգոհությունը։

«Թորոսյանի տված պատվոգրերո՞վ ենք մեր վարկերը փակելու, թե՞ մեդալներով ենք տուն պահելու»,- դժգոհում են ԲԿ-ի բուժանձնակազմից։ Հիվանդանոցի մամուլի պատասխանատուն նախ ասաց, որ, պատվոգրերից զատ, խրախուսանքի այլ միջոցների համար պետք է դիմել պատվոգիր տվողին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը, թե ինչու են իրենք որոշել միայն պատվոգիր ու մեդալ տալ։ Իսկ երբ հարցրինք, թե հիվանդանոցն աշխատակիցներին իր կողմից նյութական խրախուսանքի միջոց նախատեսած եղե՞լ էր, ստացանք բացասական պատասխան։ Նշենք, որ վերջերս դժգոհություն էր առաջացել նաեւ աշխատավարձերի հետ կապված, որ ուշացնում են, սակայն Ծովինար Խաչատրյանն ասաց, որ աշխատավարձերը փոխանցվում են մինչեւ յուրաքանչյուր ամսվա 10-ը, հունիս ամսվա աշխատավարձերը, ըստ իրեն, արդեն պետք է փոխանցած լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել