168.am-ը գրում է․

Երևանի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմժ-ից ավելի է սահմանված, հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմժ: Այս մասին հայտարարել է ճանապարհային ոստիկանությունը՝ ներկայացնելով համապատասխան ճանապարհահատվածները․

1. Իսակովի պողոտա

2. Թբիլիսյան խճուղի

3. Մոնթե Մելքոնյան փողոց

4. Աճառյան փողոց

5. Դավիթ Բեկի փողոց

6. Մյասնիկյան պողոտա

7. Սարալանջի պողոտա

8. Աշտարակի խճուղի:

Նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմժ:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա կբերի վթարների, խցանումների նվազեցման:

«Թբիլիսյան խճուղում մահվան ելքով վթարներ շատ են եղել, Իսակովի պողոտայի մասին էլ չխոսենք: Մյասնիկյան պողոտայում այդքան էլ շատ չեն վթարները, Մոնթե Մելքոնյան փողոցի դեպքում կրկին ճիշտ է որոշումը, քանի որ հիմա բնակելի չէ, բայց տեսնում ենք, որ երկկողմանի ակտիվ շինարարություն է կատարվում, զվարճանքի, հանգստի վայր է կառուցվում, ու հետագայում, բնական է՝ երեխաների հոսքը շատ է լինելու, հետևաբար՝ այդ հատվածում չի կարելի արագ երթևեկել: Սահմանված 60 կմժ արագությունը Երևանի համար իդեալական արագության չափ է: Սա թույլ է տալիս ավելի անվտանգ երթևեկել»,- պատասխանեց «Վարորդի ընկեր» հ/կ նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ այս փոփոխությունը խցանման պատճառ չի կարող լինել:

«Եթե վարորդները պնդեն այն փաստը, որ՝ տեսեք, նվազեցրին, բայց արդյունք չեղավ, կասեմ հետևյալը՝ եթե մարդը պահպանի սահմանված արագությունը՝ հաստատ վթարները կնվազեն: Ի դեպ, տուգանքների առումով էլ է հավասարություն. վարորդները բոլորն արդեն կիմանան, որ Երևանում չկա հատված, որտեղ սահմանված է 60 կմժ-ից ավելի արագություն: Այսինքն, շփոթություն չի լինելու, չեն ասելու՝ մտել եմ, 80կմժ-ի նշանը տեսել եմ, հետո չեմ նկատել մյուս նշանը: Գիտենք, որ բարձր արագությամբ երթևեկելիս միանգամից վարորդական վկայականից են զրկում, բալային տուգանային միավորներ են կիրառվում 10 կմժ-ից ավելի խախտման դեպքում»,- նշեց Տիգրան Քեյանը:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահի խոսքով՝ լավ կլիներ, որ ՃՈ-ն կտրուկ չդիմեր այս քայլին, մեկ ամիս նախազգուշացման միջոցառումներ ձեռնարկեին, որպեսզի հանրությունը լավ տեղյակ լիներ:

«Եվրոպայում ոչ մի տեղ 60 կմժ-ից ավելի չկա սահմանված արագություն, տեղեր կան՝ 50, 30, 20 կմժ է: Շատ տեղերում եմ երթևեկել, միջին արագությունը եղել է 40 կմժ»,- ասաց Տիգրան Քեյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել