168.am-ը գրում է․

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար՝ ասելով․

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»։

168.am-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, թե այս հայտարարության հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեն, ի՞նչ դիրքորոշում ունի առհասարակ հայկական կողմը:

«Հարցին խորհրդարանի մասով կանդրադառնամ, թույլ տվեք Արտգործնախարարության անունից չխոսել: Խորհրդարանի առանձին պատգամավորներ անդրադարձել են այդ ելույթին, այդ թվում՝ նախկինում եղած ելույթներին: Եթե ուշադիր հետևենք Ալիևի հռետորաբանությանը, նախկինում եղած հռետորաբանությունից որևէ բանով չի փոխվել: Այդ հռետորաբանությունն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ:  Ինչ վերաբերում է բանակցություններից հրաժարվելուն, ապա դրա պատասխանը Հայաստանի Հանրապետությունն արդեն տվել է, որ բոլոր գործընթացները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման մեր երկիրը պատրաստ է և ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել