Շատ կարևոր

Մի քանի օր առաջ աղանդավոր մի երիտասարդի հետ էի զրուցում։ «Կյանքի խոսք»-ից էր։ Բողոքում էր, ասում էր, որ «աղանդավորները Հայաստանում շատ են, ու մարդիկ չեն տարբերակում աղանդը Ավետարանչական եկեղեցուց»։ Իբր թե իրենք եկեղեցի են, իսկ, օրինակ, Եհովայի վկաները՝ աղանդավոր։ Շատ ուղիղ տեքստով ասացի` երկուսդ էլ նույնն եք` մեր հավատքը ուրացած աղանդավորներ։ Բայց երիտասարդն անդրդվելի էր, փորձում էր համոզել, թե ոչինչ էլ չեն ուրացել։ «Մենք եկեղեցի գնում ենք, էնտեղ էլ ենք աղոթում, տարբեր ծեսերի մասնակցում…»։ Մեր Առաքելական եկեղեցու տաճարները նկատի ուներ։

Իսկ երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն․ մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է, որքան հասկացա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան կտա իրան վարչապետի աթոռին բերած աղանդավորներին Նինոլ Փաշինյանը։ Հարցը հռետորական է։

Իսկ մենք դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու համար ենք պայքարում։ Մի բան ասեմ, խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք։ Քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, ավելի լավ է՝ չդասավանդվի այդ առարկան դպրոցներում, որովհետև վաղը իրենք չեն լինի, իսկ ահա իրենց կրթած սերունդը դեռ շատ երկար համոզված կլինի, թե «Կյանքի խոսք» աղանդն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին քույր եկեղեցիներ են։ Սա այն դեպքն է, երբ չիմացությունը մոլորությունից նախընտրելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել