Hraparak.am-ը գրում է․

Հուլիսի 2-ից մեկնարկել են միասնական քննությունները։ Արմավիրի մարզում քննություններն անցկացվում են մարզկենտրոնի 5-րդ, 6-րդ եւ 8-րդ դպրոցներում։ Հուլիսի 6-ին դիմորդները քննություն հանձնեցին «Մաթեմատիկա» առարկայից։ Քննության ավարտից հետո դիմորդներից ահազանգ ստացանք այն մասին, որ քննության ընթացքում իրենցից հավաքել են եռանկյունաչափական հաշվիչները։ «Մեզ նախապես չէին զգուշացրել, որ առանց հաշվիչների ենք լինելու։ Նույնիսկ ձեռքներիցս չվերցրին, երբ աշխատում էինք դրանցով։ Քննությունից մոտ մեկ ժամ էր անցել, երբ պահանջեցին հանձնել դրանք։ Եթե չէր կարելի, ապա ինչո՞ւ հենց սկզբից չվերցրին կամ ինչո՞ւ թույլ տվեցին օգտվել»,-ասաց մեզ դիմած դիմորդը։

Նա քննություն է հանձնել 8-րդ դպրոցում։ Ասում է՝ չէի ահազանգի, եթե առանց հաշվիչի քննության ներկայանալը պարտադիր պայման լիներ բոլոր դիմորդների համար։ «Ընկերներս, որոնք նույն առարկայից քննություն էին հանձնում 5-րդ դպրոցում, ամբողջ ընթացքում ազատ օգտվել են հաշվիչներից։ Ինչպե՞ս է լինում, որ մի դպրոցում թույլատրում են, մյուսում՝ ոչ»։

8-րդ դպրոցում քննություն հանձնած մեկ այլ դիմորդ էլ, որ հաշվիչից կարճատեւ օգտվելու բախտ է ունեցել, վստահ է՝ 5-րդ դպրոցում քննություն են հանձնել արտոնյալները։ «Ծանոթներին, բարեկամներին ու խոսացածներին հավաքել են 5-րդ դպրոցում, որոնց հնարավոր բոլոր ձեւերով օգնել են, թույլ են տվել կալկուլյատորից ազատ օգտվել, իսկ մեր նմաններին տեղավորել են մի տեղ՝ ի սկզբանե առանց հրահանգ ունենալու՝ կալկուլյատոր թույլատրե՞լ, թե՞ չթույլատրել։ Դրա համար էլ, իմ կարծիքով, մեկ ժամի չափ թողեցին օգտվենք, մինչեւ արգելելու հրահանգ ստացան»,-կարծիք հայտնեց մյուս դիմորդը։

Երիտասարդների ծնողները մի քանի անգամ զանգել են թեժ գիծ․ զանգերն անպատասխան են մնացել։ «Հետաքրքիր է՝ հնարավոր կոռուպցիայի հոտը ԿԳՄՍ նախարարի քթին չի՞ հասնում…»,- ասաց դիմորդներից մեկի ծնողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել