Երբեմն նորարարություններից վախը վտանգի տակ է դնում մեծ ու հաջողակ գործը: Հենց այս նախադասությամբ էլ կարող ենք բնութագրել Kodak խոշոր կազմակերպության պատմությունը, որը լուծարվեց, քանի որ չէր ցանկանում նորարար գաղափարներն ընդունել:

Հաջողության պատմություն

Ամերիկյան Kodak Company ընկերությունը պատմության մեջ ամենահաջողակներից մեկն է եղել, սակայն մի քանի տարի անց այն սնանկացել է: Ընկերությունը հիմնադրվել է գործարար և գյուտարար Ջորջ Իսթմենի կողմից 19-րդ դարի վերջին:

Սկզբում ամերիկացին մշակել է յուրօրինակ մեքենա, որի օգնությամբ հնարավոր էր չոր ֆոտոէմուլսիան լցնել ապակյա սկավառակի վրա: Անգլիայում նա այդ մեքենայի համար արտոնագիր ստացավ և սկսեց այն զանգվածային արտադրության ենթարկել: Հերթական հայտնագործությունների արդյունքում որոշ ժամանակ անց Իսթմենն աշխարհին ներկայացրեց առաջին Kodak ֆոտոխցիկը, որն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը: Ֆոտոխցիկը յուրաքանչյուրին թույլ էր տալիս նկարիչ ու լուսանկարիչ դառնալ: Այդ պահից սկսած ընկերությունը բաձունքների հասավ:

Ջորջ Իսթմենը նոր նպատակ դրեց իր առջև՝ լուսանկարների պոպուլյարիզացիան: 1888 թ. 25 դոլարով հնարավոր էր գնել չափերով առավել փոքր ֆոտոխցիկ, որը միաժամանակ թույլ էր տալիս անել ավելի շատ՝ 100 կադր: Ավելի ուշ Kodak ապրանքանիշը պաշտոնապես գրանցվեց: Հենց այս բրենդը ստեղծեց առաջին գրպանի ֆոտոցիկը, որից հետո աշխարհը տեղեկացավ ռենտգենյան ճառագայթների մասին: Իսթմենն անդադար հաջողություններ էր գրանցում:

Ընկերությունը նորարարություններ էր մտցնում ոլորտում և իր պատմության ընթացքում մի քանի անգամ բառացիորեն գլխիվայր շրջել է մարդկանց պատկերացումները տեխնոլոգիաների մասին:

Թվային ֆոտո և ընկերության անկումը

Սակայն ընկերության սեփականատերերը բավականին սխալ քայլի դիմեցին, երբ հրաժարվեցին թվային լուսանկարներից: Նրանք անգամ մտածել չէին կարող, որ վերջինս մեծ ճանաչում կստանա և շուկայից դուրս կմղի ժապավենային ֆոտոխցիկներին: Տեղի ունեցավ այսպես կոչված նորարական դիլեմա: Այլ կերպ ասած՝ առաջնորդը չէր ցանկանում ճանաչել նոր տեխնոլոգիաների անհրաժեշտությունն ու կիրառել դրանք, զարգացնել: Դա ճակատագրական սխալ էր, քանի որ թվային լուսանկարչությունը ջախջախեց Kodak-ի հսկայական բիզնեսը:

Ամենաիրոնիկն այս պատմության մեջ այն է, որ առաջին թվային ֆոտոխցիկը մշակել է հենց ընկերության ինժեներ Սթիվեն Սասունը դեռ 1975 թ.: Սակայն Kodak-ի ղեկավարությունը կտրականապես մերժել է գաղափարը և արգելել թվային ֆոտոխցիկի արտադրությունը: Ղեկավարությունն առաջին հերթին դեմ էր այդ գաղափարին, քանի որ թվային ֆոտոխցիկի համար անհրաժեշտ չէր ժապավեն, իսկ ժապավենի արտադրությունն ապահովում էր ընկերության եկամտի գերակշիռ մասը: Արդյունքում կորավ ամեն ինչ. 2000-ական թվականներին ընկերությունը լուծարվեց, քանի որ ժապավեններն արդեն ոչ ոքի հարկավոր չէին, և բոլորն օգտագործում էին թվային ֆոտոխցիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել