News.am-ը գրում է․

Մեթանոլ պարունակող հակասեպտիկների օգտագործումը ծայրաստիճան վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հիվանդության եւ մահվան: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Պարենամթերքների եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչության (FDA) զեկույցում, որը հրապարակվել է գործակալության կայքում:

Ինչպես հայտնում է Lenta-ն, FDA-ի հայտարարության մեջ ասվում է, որ վերջին ժամանակներս ավելի հաճախակի են դարձել էթիլային սպիրտ անվանումով հայտնի էթանոլ պարունակող հակասեպտիկներով թունավորման դեպքերը: Մաշկի ախտահանման դեղամիջոցների որոշ նմուշներ մեթանոլով աղտոտման դրական արդյունք են տվել։ Մեթանոլը թունավոր նյութ է, որը կարող է թունավորումներ առաջացնել մաշկի կամ օրգանիզմի լորձաթաղանթների հետ շփման դեպքում:

Մասնագետները բացահայտել են մեթանոլով թունավորման մի քանի դեպքեր, որոնք հանգեցրել են կուրության եւ նույնիսկ մահվան: Նման դեպքեր են գրանցվել Իրանում, որտեղ հարյուրավոր մարդիկ մահացել կամ կուրացել են՝ օգտագործելով մեթանոլ պարունակող ըմպելիք։

FDA-ն խորհուրդ է տալիս սպառողներին հրաժարվել վտանգավոր հակասեպտիկների գնումից, որոնք պարունակում են մեթանոլ, իսկ թունավորման առաջին իսկ ախտանիշների դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության: Մեթանոլը կարող է առաջացնել սրտխառնոց, գլխացավ, ցնցումներ, ինչպես նաեւ տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստ: Զգալի չափաբաժինները կարող են հանգեցնել կոմայի կամ մահվան ելքի:

Մասնագետների կարծիքով՝ մեթանոլով թունավորման առավել բարձր ռիսկի են ենթարկված այն երեխաները, ովքեր կարող են պատահաբար խմել հակասեպտիկ, որոնք նախատեսված են մաշկի ախտահանման համար։

FDA-ն հիշեցնում է նաեւ հասարակական վայրեր, զուգարաններ այցելելուց, փռշտոց հետո եւ ուտելուց առաջ առնվազն 20 վայրկյան ձեռքերը օճառով լվանալու անհրաժեշտության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել