Tert.am-ը գրում է․

Հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ  պետք է նոր սահմանադրություն, ոչ թե փոփոխված, այլ հենց նոր։ 1995թ․ ընդունված սահմանադրությունը, երբ 2005-ին փոխում էր Քոչարյանը, տեսակետներ կայքին, որ նա դա ինչ-որ պահի կկոչի նոր սահմանադրություն, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվել երրորդ անգամ, մինչև վերջին պահը պնդեցի այդ միտքը, բայց համոզվեցինք, որ դա տեղի չունեցավ, ու Քոչարյանը չառաջադրվեց երրորդ անգամ։

Սերժ Սարգսյանը կիսանախագահական կառավարման համակարգը խորհրդարանականի դարձնելու, դրանով իսկ սահմանադրությունը հիմանահատակ փոխելու պարագայում անգամ չասեց, թե սա նոր սահմանադրություն է, այլ՝ փոփոխված։ Իսկ Փաշինյանը նոր սահամադրություն է ցանկանում, քանի որ գտնում է, որ թե՛ սահմանադրության ընդունումը, թե՛ երկու փոփոխությունները եղել են խախտումներով ու դրանք ոչ լեգիտիմ են։ Այսինքն՝ սահմանադրության փոփոխելու նպատակն այն է, որ ոչ թե գործող սահմանդրությունը վատն է, այլ՝ ոչ լեգիտիմ։ Բայց ընդունել նոր սահմանադրություն, որը կլինի նախկիններից որևէ մեկի կրկնությունը, հազիվ թե հնարավոր լինի դա ողջամիտ կերպով հիմնավորել։ Ունեցել ենք կիսանախագահական խառը, լղոզված համակարգ՝ 1995-ին ընդունված սահմանադրությամբ, կիսանախագահական, քիչ թե շատ բալանսավորված՝ 2005-ի փոփոխություններով, խորհրդարանական կառավարման համակարգ՝ 2015-ի փոփոխված սահմանադրությամբ, որն ավելի շուտ վարչապետական համակարգ է, քան խորհրդարանական։ Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը սրանցից տարբերվող։

Եթե վարչապետը նպատակ ունի կուսակցությունների դերը բարձրացնելու, որպեսզի ունենաք լիիրավ խորհրդարանական համակարգ, ապա դրա ամենակարևոր քայլը կարող էր անել առանց սահմանադրությունը փոխելու, ու 2018թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ռեյտինգային համակարգը կվերացներ, բայց դա չարեց։

Բացի այդ, ինչպես է կարևորում կուսակցությունների ու խորհրդարանի դերը, երբ վերջին ընտրությունների ժամանակ Փաշինյանը, հանդիպելով ընտրողների հետ, ասում էր՝ ուզում եք դառնամ վարչապետ, ընտրեք «Իմ քայլին»։ Անգամ պատգամավորության թեկնածուներին չէր ներկայացնում հանրությանը, նրանց արժանիքները գովերգում, նրանք անդեմք էին, դեմքը միայն Փաշինյանն էր։

Ասում են՝ Տեր-Պետրոսյանը սահմանադրություն պատվիրեց «իր հագով», իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ փոփոխեցին «իրենց հագով», հիմա Փաշինյանը հավաստիացնում է, որ այդպես այլևս չի լինելու, որ նոր սահամադրությունն «իր հագով» չի գրվելու։ Փաշինյանի իշխանությունն ինստիտուցիոնալ չէ անգամ պաշտոնավարման երրորդ տարում, դա մի անձի իշխանություն է, ավելի մեծ լիազորություններով, քան մի «անձի հագով» գրված սահմանադրությունը, քանի որ սահմանադրությունը թույլ չի տալիս գործադիրի ղեկավարին իր ձեռքը վերցնել իշխանության մյուս թևերը։ Փաշինյանին հարկավոր է, առանց ավելորդ սեթևեթանքների, հստակ հայտարարել, որ պետք է անցնել լիարժեք նախագահական կառավարման համակարգի, օրինակ վերցնելով աշխարհի ամենաժողովրդավարական երկրի՝ ԱՄՆ-ի փորձը, իսկ «լաբորատոր փորձարկում» նախագահական համակարգն անցնում է Արցախում, ինչից Փաշինյանը բավական գոհ է, ու դա հատուկ ընդգծեց Արցախի վերջին նախագահական ընտրությունների առիթով։ Իրականում վարչապետին պետք է սահմանադրության միջոցով իր բացարձակ իշխանությունը դարձնել առերևույթ ինստիտուցիոնալ, նախագահական ընտրապայքարը տանել անհատների միջև, որտեղ իր պոպուլիզմով դեռ կհաղթի ցանկացածին, ու որևէ կախում չի ունենա իր թիմից։ Իսկ թե ինչ ճոխ խոսքերով է Փաշինյանը սիրաշահում ժողովրդին, երբ իրեն պետք են ու ինչ կոպիտ ձևով է նրանց դեն նետում, երբ այլևս նրանց կարիքը չունի, դա տեսել ենք, ու վարչապետի այդ ցինիկությունը դեռ անգերազանցելի է, ինչի վրա էլ հույսը դրել է Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել