168.am-ը գրում է․

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը պարտադիր է դարձել ամբողջ հանրապետությունում:  Կառավարության որոշմամբ՝ բակային մորթը պետք է արգելվեր դեռ հունվարի 15-ից, սակայն բողոքի տարբեր ակցիաներ պատճառ դարձան, որպեսզի նախապես սահմանված ժամկետը հետաձգվի: Գործադիրի ղեկավարը հիմնավոր էր համարել բողոքող գյուղացիների այն պնդումները, որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկան:

168.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն օրերս ասել էր, որ երկրի պահանջարկը բավարարելու համար հարկավոր է մոտ 70 սպանդանոց, և, որ հուլիսի 1-ի դրությամբ գործում է 45-ը, ևս 20 սպանդանոց հայտարարել է աշխատանքները սկսելու մասին: Այսօր Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ 20 սպանդանոցներից 3-4-ի մասին արդեն տեղեկություն ունեն՝ գործում են:

Ի դեպ, անասնատերերի բողոքները միայն սպանդանոցների թվով չէին ավարտվում. դժվար է անասուններին սպանդանոց հասցնելը, անասունը մինչև սպանդանոց հասնելը քաշ է կորցնում, և, որ իրենք ստիպված են լինելու գումար վճարել՝ մորթը սպանդանոցում կազմակերպելու համար, ինչն իրենք կա՛մ անվճար, կա՛մ չնչին գումարի դիմաց էին անում։ Նկատենք՝  սպանդանոցներում մորթի արժեքը, ըստ տարբեր տվյալների, տատանվում է 3500 դրամից մինչև 12.000 դրամի սահմաններում:

Արարատի մարզից ֆերմեր Լևոնը, որը հունվար ամսին իր բողոքի ձայնն էր բարձրացնում Կառավարության շենքի առջև՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշման դեմ, 168.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ արդեն գործող որոշումը անիմաստ ու չարդարացված քայլ էր.

«Ես հարց եմ տվել ՍԱՊԾ պետին՝ ակնկալում եմ ուղիղ պատասխան՝արդյոք այդ որոշումը ռիսկայի՞ն է, թե՞ ոչ: Ես ասում էի՝ Վրաստանը  մեզ կպած երկիր է. նույն բանը, ինչը դուք եք մեզ ստիպում, նույն բանը էդ մարդկանց ստիպեցին, այնտեղի ֆերմերները գնացին այդ քայլին և մինչ օրս այդ ֆերմերները վարկերից չեն պրծել: Հիմա նույնն էլ մեզ մոտ է: Լավ, ես ֆերմեր եմ, եթե այսօր վերցնենք Մասիսի «Ոսկե կացինը»՝ ինձ ամենամոտ սպանդանոցը՝ 15-20 կմ հեռավորության վրա. ես տանելու  ծախս եմ անելու, չէ՞, փոքր-ինչ հետաքրքրվել եմ՝ ո՛չ մեքենա ունեն, ո՛չ… մի խոսքով, դա անիմաստ քայլ էր այս երկրի, այս ժողովրդի համար, 12.000՝ միայն սպանդանոցը, բա դրա տեղափոխո՞ւմը, էնտեղից՝ խանութ, և այլն…»:

Լևոնից հետաքրքրվեցինք նաև, թե տեղի՞ն են այն ֆերմերների մտահոգությունները, որոնք պնդում էին, որ մորթվող կենդանու ներքին օրգանները, կաշին, ոտքերը և գլուխն անվճար մնալու են սպանդանոցին։ Ի պատասխան՝ նա նշեց.

«Ինչ-որ չնչին  բաներ են առաջարկում իրենց պահելու համար, բայց այն թեժ պահն էր, երբ իմ նման ֆերմերները  բղավում էին կառավարության շենքի առջև, սպանդանոցի տերը զգուշությունից  ելնելով՝ հետ էր տալիս, այսինքն, որ վաղն ամեն ինչ ընկավ իր տեղը, ու սկսեցին աշխատելը սովորական, ու հետ չտվեցին՝ էդ ո՞ր ֆերմերը կամ գյուղացին  կկարողանա ձայն հանել»:

Հարցին, թե չկա՞ հստակ կարգավորում, ֆերմերը պատասխանեց. «Երբ մենք գործ ունենք սեփականատեր սուբյեկտի հետ, որոշումը ո՞րն է»:

Համաձայն մասնագետների՝ ենթամթերքի (սիրտ, թոք, ոտքերը, գլուխը, պոչը) արժեքը նույնպես բարձր է:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը վստահեցրեց՝ ենթամթերքը սպանդանոցին թողնելը կամ վերցնելը պայմանագրային է.

«Գյուղացին կուզենա հետ վերցնել այդ ենթամթերքը՝ կվերցնի, չէ՝ սպանդանոցն ինքը դա իրացնելու ճանապարհը կգտնի: Մենք այդ հարաբերությունների մեջ ոչ կարող ենք խառնվել, ոչ էլ որոշել՝ երկու տնտեսվարողներ իրար հետ ինչ հարաբերություններով կշփվեն: Մենք վերահսկող մարմին ենք և ընդամենը նայում ենք, որպեսզի շուկայում հայտնվի սպանդանոցային ծագման միս, թե հարաբերություններն իրար հետ ինչպես կկարգավորեն՝ գյուղացին, ֆերմերը, սպանդանոցը, իրացման ցանցը, հանրային սննդի կետը, այդ բոլորն իրենց մեջ ձևավորվող  հարաբերություններ են, հասկանալի է՝ հիմա որոշակի թերացումներ կարող են լինել. դեռ չկողմնորոշված՝ ինչպես պիտի անել, բայց ընթացքում այդ ամբողջը կկողմնորոշվեն»:

Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ սպանդանոցային թափոնների համար նախատեսված են հատուկ հորեր.

«Սեպտիկ հորեր են կոչվում, որոնք պարտադիր պետք է լինեն. մինչև այդ հորը չի լինում, թույլտվություն չի տրվում աշխատել»:

Սպանդանոցներից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ ենթամթերքը թողնելու կամ չթողնելու հստակ կարգավորում չկա. «Ամեն ինչ արվում է՝ ըստ ներքին պայմանավորվածության»:

Ագրարագյուղացիական միավորում հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը ֆերմերների մտահոգություններին անդրադառնալով՝ մասնավորապես ասաց.

«Կարող է մնալ, կարող է չմնալ, բայց որ դրանք արժեք ունեն՝ միանշանակ՝ սիրտը, ուղեղը, նույնիսկ աղիքները և հատկապես՝ սև թոքը, եթե կենդանին առողջ է:

Իսկ վերջնական թափոնները պետք է գնան կոյուղի, երկրորդը՝ պետք է հատուկ հորեր լինեն  թաղում կազմակերպելու համար: Եթե անասունը հիվանդ է, և սպանդանոցի անասնաբույժը դա հայտնաբերեց, ուրեմն տեղում պետք է հանձնաժողով կազմվի, բացահայտվի այդ հիվանդությունը. առանց անասնաբույժի մորթը սխալ է»:

Ըստ նրա, սակայն, այս հարցում պետք է լիներ գրագետ աշխատանք. «Ուղղակի այնպես կարելի էր կազմակերպել, որ ժողովուրդը վաղն էլի չգար հրապարակ:

Գիտեք, իհարկե, ձեռնտու չի, 20-50 կմ պետք է այդ անասուն տեղափոխել, և ՛ քաշ կկորցնի, և՛ կենդանին սթրես կստանա»:

Հ. Բերբերյանը նկատեց՝ սպանդանոցային պարտադիր մորթը Կարեն Կարապետյանի կառավարության նախաձեռնությունն է եղել, սակայն համոզված է՝ կառավարությունը չպետք է զբաղվի սպանդանոցների հարցով. «Կառավարությունը բանուգործ չունի՞, որ այս մորթակետերով է զբաղված»:

Ըստ նրա՝ այդ շուկան բաց է, ու ամեն գյուղ կարող է իր մորթման կետն ունենալ, կամ գյուղերը կարող էին միասին ստեղծել մեկ մորթման կետ. «Կառավարության խնդիրը պետք է լիներ՝ խթանել այդ մորթակետերի ստեղծմանը, իսկ թե քանի հատ կստեղծվեր, թող  շուկան որոշեր»:

Ի դեպ, ըստ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահի՝ այս ամենի հետևանքով պետք սպասենք նաև մսի թանկացման.

«Ամեն կիլոգրամի մեջ  սպանդանոցները 100-200 դրամ փող կաշխատեն, իսկ դա կազդի ընդհանուր մսի արժեքի վրա. եթե մի սպասարկում է մտնում, հո անվճար չէ՞. Սա վճարովի սպասարկում է»:

Նկատենք՝ դեռ 2017 թվականին էր Կառավարությունը հավանություն տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է 2017թ.-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Այն ժամանակ գործադիրի ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը, հորդորել է առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն:

2020 թ. հունվարի 22-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին և անասնապահների ու մսավաճառների բողոքի ակցիաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և  երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ և խտություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել