Օրերս գրառում էի արել կառավարության որոշումներից մեկի` աշնանացան ցորենի սուբսիդավորման մասին, բայց դա միակ որոշումը չէր, որ իմ մոտ հարցեր էր առաջացրել: Այդ նույն օրը որոշում կայացվեց սպանդանոցների մասին:

Նախ՝ ասեմ, որ ես կողմ եմ սպանդանոցներին և կարծում եմ, որ անասունին սպանդանոցում սպանդի ենթարկելը լավ է և ճիշտ, բայց, ոնց որ միշտ, ինձ մոտ կան հարցեր․

1. Քանի՞ սպանդանոց կա այս պահին, և ի՞նչ հեռավորության վրա են գտնվում համայնքներից: Իմ ունեցած տեղեկություններով 10%-ով պակաս են անհրաժեշտից ու գրեթե բոլորը Իրան արտահանվող գառի մորթ են անում, և ըստ այդմ` խոզ չեն մորթում:

2. Քանի՞ շարժական սպանդանոց կա, և քանիսի՞ հետ են կցված ստերիլ 3տ տարաներ, որովհետև գյուղացուն ասել եք, որ ծախսը կոմպենսացվում է, քանի որ մթերվում են նաև արյունը և աղիքները:

3. Վերջիվերջո, ո՞վ է անելու լոգիստիկ ծախսերը, և փոխհատուցվելո՞ւ է արդյոք կենդանի քաշի կորուստը, որը անպայման կլինի տեղափոխման ժամանակ: Օրինակ՝ խոզի պարագայում 2-3% կենդանի քաշի կորուստն ապահովված է:

4. Փակ տարածքից տանում են անասունին սպանդանոց, որտեղ մեկ այլ հոտի անասուններ են: Ինչպե՞ս են ապահովելու, որ իրար չվնասեն անասունները, կամ եթե վնասեցին, ո՞վ է փոխհատուցելու: Հիշեցնեմ, որ, օրինակ, խոշոր եղջերավորների ընդհանուր գլխաքանակի մոտ 80%-ը պատկանում է գյուղացուն` 1-5 գլուխ քանակով:

5. Արդյոք կա՞ն բավականաչափ մասնագետներ, թե՞ մենակ «քայլած» լինելը կրկին բավարար պայման է:
Քանի որ ոլորտը մասամբ է իմը, ես բարձրացնում եմ այն հարցերից մի քանիսը, որոնք, ըստ իս, ամենաակտուալներից են:

Ես չեմ ուզում հավատալ, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ վերջնական սպանի գյուղատնտեսությունը, բայց ամեն մի որոշում ինձ ստիպում է հակառակին հավատալ՝ սկսած գյուղնախարարության փակելուց:

Ես մնում եմ իմ կարծիքին, որ այս վիճակից դուրս գալու համար միակ լուծումը պլանային տնտեսությունն է՝ կլինի դա կոլխոզի, կիբուցի թե ամերիկյան համակարգով:

Պլանային տնտեսության մասին անպայման կխոսեմ հետագայում, այս պահին լավ կլիներ ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանները:

Շնորհակալություն ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել