168.am-ը գրում է․

Իրավապաշտպան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը թեև համակարծիք է Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձի բովանդակության հետ, թե Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել, և, որ կա նոր Սահմանադրության անհրաժեշտություն, սակայն ունի հիմնավոր կասկած, որ «նոր սահմանադրություն» ասվածը համապատասխանելու է հերթական իշխանական խմբի քմահաճույքներին:

«Ոսկի խոսքեր էլ ասի օրվա վարչապետը, դրանք զուտ խոսքեր են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նաև հիշեց պատմական մի քանի դրվագներ. «Այո, բոլոր երեք հանրաքվեներն էլ, որոնք տեղի են ունեցել 1995 թվականից սկսած (ամենախայտառակը), հանրության մեջ եղել ու մնացել են այն կասկածները, համոզմունքը, որ կեղծվել են այդ արդյունքները: 2005 թ. Սահմանադրության փոփոխությունների ժամանակ մինչև անգամ քվորումի խնդիր կար, եթե քվորում չէր էլ պահանջվում, ապա շատ քիչ մարդ է մասնակցել: 2015 թ. ես չգիտեմ՝ ո՛ր մի կուսակցությունն է հայտնել իր անհամաձայնությունն այդ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ (որքան գիտեմ՝ որևէ մեկը չի հայտնել), բայց իմ անձնական կարծիքով՝ այդ Սահմանադրությունը ևս ունի բավականին շատ խութեր, որոնք, ի դեպ, այսօր բացահայտվել են. դա գուցե մի խմբի համար է ստեղծվել, բայց, ինչպես տեսնում եք, ոգևորությամբ օգտվում է բոլորովին ուրիշ խումբ, որը եկել է իշխանության:

Ես համաձայն եմ խոսքերի հետ, և դա գյուտ չի, այո՛, Սահմանադրությունը պետք հենված լինի իրավունքի, օրենքի և հանրության…, այստեղ է խութը՝ արդյոք չի՞ կազմվելու նոր Սահմանադրություն, որն ուղղակի այդ քաղաքական ուժի քիմքով է լինելու: Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդպես էլ լինելու, որ չի լինելու այն խոսքերով նկարագրված Սահմանադրությունը, այլ լինելու է այս մի իշխանական խմբի քմահաճույքներին համապատասխանող»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ նոր իշխանական խումբն ունի հստակ ծրագիր, որով շարժվում է, և որն ամբողջովին հակասում է արժեքային արժեհամակարգին. «Բարոյական հիմքերի վրա հիմնված արժեհամակարգին դեմ է լինելու. սա իմ կարծիքն է, Աստված տա՝ ես սխալվեմ»:

Հիշեցնենք՝ վարչապետը մասնավորապես գրել էր. «Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիներն իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաև այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետև Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եվ, ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն: Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապն իրենց կամքի հետ: Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխություններն անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու, ժողովրդի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի: Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք՝ նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարևոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել