Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տնտեսության կրած վնասները առավելապես նկատելի են զբոսաշրջության ոլորտում, քանի որ մարտ ամսից սկսած արտագնա տուրեր չեն լինում, իսկ ներգնա տուրեր կազմակերպել թույլատրվել է միայն մայիսի 18-ից, երբ կառավարությունը որոշեց տնտեսության տարբեր ճյուղերի համար կիրառվող սահմանափակումները վերացնել։

Թեև կառավարությունը թույլատրել է ներքին տուրիզմով զբաղվել, այնուամենայնիվ համատարած կոչերը, թե պետք է տանը մնալ և սահմանափակել բոլոր տեսակի շփումները, շարունակում են արգելք հանդիսանալ տուրիստական կազմակերպությունների համար։

«Արշավների ակումբի» հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ դժվար է այս պայմաններում աշխատելը։

«Եթե անգամ կարողանում ենք այս պայմաններում աշխատել, շատ դեպքերում ոստիկանական ուժերը ինչ-որ հուշարձանի մոտ կանգնած են լինում, և արգելում են մոտենալ դրան։ Օրինակ, մենք ունենք տուրեր դեպի Հարթագյուղի Սբ. Հովհաննես եկեղեցի, բայց ներքին կարգով իմացել ենք, որ ոստիկանական ուժեր կան այնտեղ, ու չեն թողնում ներս մտնել, թեև չկա որևէ պաշտոնական հրապարակում, որ եկեղեցին փակ է։ Այո, կառավարության կողմից կա հորդոր, որ մարդիկ չգնան տուրերի... բայց չխրախուսելը կամ հորդորելը արգելք չէ։ Մենք զանգել ենք պարետատուն և հարցրել՝ արյդո՞ք եկեղեցին փակ է, ասել են՝ զանգեք ոստիկանություն, ոստիկանություն ենք զանգում՝ ասում են՝ Հայաստանում փակ ճանապարհներ չկան, զանգեք պարետատուն։ Ու բնական է, որ այս պայմաններում շատ դժվար է աշխատելը՝ մի կողմից մեզ ասում են, որ թույլատրում են աշխատել, մյուս կողմից էլ՝ ժողովրդին ասում են՝ տուրերի մի գնացեք, այդ դեպքում ո՞րն է իմաստը՝ մեզ աշխատել թույլատրելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել