Ամերիկյան յոթ նահանգներում ուրբաթ կորոնավիրուսով վարակման ռեկորդային տվյալներ են արձանագրվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Բացի այդ, Ֆլորիդայի ամենամեծ թվով բնակչություն ունեցող քաղաքում՝ Մայամիում, պարետային ժամ է սահմանվել Անկախության օրվան և հանգստայան օրերին ընդառաջ: Մեկ այլ նահանգ՝ Արկանզասը, միացել է հանրային վայրերում դիմակի կրումը պարտադիր դարձնելու որոշմանը:

Վիրուսով վարակման մեկօրյա առավելագույն ցուցանիշ է գրանցվել Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում, Ալյասկայում, Միսուրիում, Այդահոյում և Ալաբամայում:

Հաղորդվում է նաև, որ Տեխասում գագաթնակետին են հասել կորոնավիրուսով հոսպիտալացման դեպքերը, բժիշկներից մեկը կոչ է անում «ամբողջական մեկուսացում» սահմանել նահանգում:

ԱՄՆ-ի ողջ տարածքում վերջին մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան 53 000 դեպք, իսկ նախորդ օրը՝ 55 405:

Համաճարակի ողջ ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.9 մլն մարդ, մահացել ՝ 132 145-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել