Աշխարհաքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք։ Պարզ է, որ այն օգտագործվում է իշխանության համար մղվող պայքարի համար որպես արտաքին ռեսուրս, սակայն դրա հնարավոր հետևանքները չեն սահմանափակվի ներքաղաքական շրջանակներում։

Այդ առիթով մի փոքրիկ պատմական էքսկուրս, ավելի հանգամանալից մեկ այլ առիթով կգրեմ։

Ուինստոն Չերչիլն անկեղծության պահին ասել էր, որ վերջին 400 տարիների ընթացքում Բրիտանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն այն էր, որ թույլ չտա՝ Եվրոպայում առաջ գա որևէ երկիր, որը կարողանա մրցակցել Բրիտանիայի հետ։ Խնդիրը Բրիտանիայի հեգոմոնիան ապահովելն էր։ Դրա ամերիկյան տրանսֆորմացիան Վուլֆովիցի դոկտրինն էր, արդեն աշխարհի մակարդակով ոչ մի երկիր չպետք է կարողանա այնքան հզորանալ, որպեսզի կարողանա ձեռնոց նետել ԱՄՆ հեգեմոնիային, և դրա համար ցանկացած միջոց թույլատրելի է, ցանկացած միջոց։

Հիմա նորից վերադառնանք Բրիտանիային։ 19-րդ դարի կեսերին Բրիտանիայի վարչապետը մի հետաքրքիր անձնավորություն էր՝ Հենրի Պալմերստոնը, որին են վերագրում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում սկսված հեղափոխական շարժումների ստեղծումը, իմիջիայլոց, տիպական անվանումներով՝ Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Մակեդոնիա, Երիտասարդ Սերբիա, երիտթուրքեր և այլն։ Անգամ դրանց կանոննադրություններն էին տիպային։ Ի դեպ, Դաշնակցությունը նույնպես առաջացել է «Երիտասարդ Հայաստան» կոմիտեի վերակազմավորման հետևանքով։

Դրանց նպատակն արդեն պետք է պարզ լինի՝ քանդել Եվրոպայի կայսրությունները, որպեսզի Բրիտանիան չունենա մրցակիցներ, և այդ գործի համար կարելի է ազգեր զոհել։

Նույնը հիմա է կատարվում՝ մի տարբերությամբ․ առաջ ազգայնական գաղափարներն էին օգտագործում, հիմա՝ լիբերալ գլոբալիստական։

Ինչի եմ սա գրում․ ուրիշի խաղերի մեջ մտնելը շատ դաժան հետևանքներ է ունենում, վառ օրինակը 1915 թվականի Ցեղասպանությունն է, որից դասեր չենք էլ քաղել։

Հիմա Հայաստանում օտար խաղեր են սկսել՝ օտար ազդեցության գործակալներով, բայց դրանց համար հասարակ ժողովուրդն է վճարելու արյունով, ինչպես որ լինում է նման դեպքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել