168.am-ը գրում է․

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր, որ  բացի արդեն հայտնի դարձած՝ տատիկի կորած դիակի դեպքից, ևս մի տարօրինակ դեպքի մասին ահազանգ է ստացել, սակայն դեռ չի ցանկանում հրապարակել քաղաքացու ներկայացրած պատմության ձայնագրությունը, քանի որ չունի դրա թույլտվությունը: Պատգամավորը, սակայն, որոշ մանրամասներ պատմեց:

«Մեկ այլ դեպքում մորաքրոջն են տարել հուղարկավորել, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է, ասել է՝ «էս մի հատ չեք զանգո՞ւմ, հետաքրքրվեք՝ ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»,- լրագրողին պատմել է Նաիրա Զոհրաբյանը:

168.am «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե լսե՞լ են այս և նախորդ դեպքի մասին, և ունե՞ն արդյոք նման այլ դեպքերի մասին տեղեկատվություն: Գրիգորյանը պատասխանեց, որ նման դեպքի մասին իրենք չեն լսել, սակայն ունեն մի շարք այլ փաստեր, որոնք պատրաստվում են հրապարակել արտակարգ դրության ավարտից հետո:

«Ես 11 տարվա վիրաբուժական ստաժ ունեցող և մինչև հիմա հիվանդանոցում աշխատող վիրաբույժ եմ, երբևիցե չեմ լսել մի դեպքի մասին, որ մարդու դի կորի, կենդանի մարդու հուղարկավորություն կազմակերպեն: Եթե նայում ենք բժշկական, մարդասիրական տեսանկյունից, դա անթույլատրելի է, եթե նայում ենք կազմակերպչական տեսանկյունից, դա հերթական հանցավոր անգործությունն է: Այսինքն՝ մարդիկ, որոնք ստանում են x աշխատավարձ, կատարում են  x պարտականություն, կոմպետենտ չեն իրենց աշխատանքը կատարելու հարցում: Ի՞նչ է նշանակում՝ սխալմունք, թերացում: Եթե մարդիկ պատասխանատվություն են ստանձնել կատարել աշխատանք, ապա պետք է այդ պատասխանատվությունը պահպանել, եթե չեն կարողանում կատարել, պետք է կանգնեն օրենքի առաջ ու պատասխանատվություն ստանձնեն իրենց արածի համար: Մարդկանց ճակատագրերը, կյանքը, առողջությունը մեքենայի արհեստանոց չէ, որ ինչ-որ մաս փչացավ՝ նոր մաս բերենք դնենք»,- ասաց Գրիգորյանը:

Բժիշկը նշեց, որ նման դեպքերը ոչ թե պետք է հազվադեպ լինեն, այլ առհասարակ պետք է չլինեն:

«Նորմալ երկրներում՝ նորմալ համակարգով, նորմալ թղթաբանությամբ, նորմալ ղեկավարության պարագայում, այդպիսի դեպքեր առհասարակ չպետք է լինեն: Ի՞նչ է նշանակում՝ մարդուն հուղարկավորում են, հետո ինքը զանգում ասում է՝ ինչի՞ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ես ոնց եմ:  Ոնց որ ուրիշ մարդ տանեն վիրահատեն, շատ տարօրինակ բան է, ոնց որ մտնեն հիվանդանոց ինչ-որ մարդու տեսակցության, տեսակցողին տանեն վիրահատելու: Էլ չեմ ասում, որ այստեղ կյանքի մասին է խոսքը: Մենք ունենք շատ մեծաքանակ փաստեր, վերլուծություններ, ունենք բավարար ծավալի ինֆորմացիա, որոնք կհրապարակենք արտակարգ դրության ավարտից հետո»:

Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ունենք դեպքեր, երբ բուժօգնության ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդ է մահացել: Նման փաստերի տիրապետում է նաև փաստահավաք խումբը:

«Դա վարչապետի և Առողջապահության նախարարի հանցավոր ինքնավստահության  և անթույլատրելի բառադիության արդյունքն է, որը մեզ մոտ սկզբում ձևավորեց՝ տնտեսական, հետո՝ առողջապահական, հետո՝ սոցիալական, հիմա էլ՝ քաղաքական ճգնաժամ: Ինչքան շուտ գիտակցեն, որ հանցավոր անգործության և ինքնավստահության պատճառով մարդկանց կյանքերի վրա խաչ են քաշում, այդքան ավելի շուտ կհաղթահարենք կորոնավիրուսը: Բայց ինչպես տեսնում ենք, թե՛ Առողջապահության նախարարը, թե՛ վարչապետը, իրենց բուն պարտականությունները թողած, երկիրը ճգնաժամից հանելու գործունեությունը թողած, քաղաքական հարցեր են պարզաբանում, ստատուսներ են գրում: Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են իրենք հանգիստ քնում գիշերները»,- ասաց բժիշկը:

Պարբերաբար լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ բուժաշխատողները, կամավորներն անուշադրության են մատնում հիվանդներին: Գևորգ Գրիգորյանը վստահ է, որ նման բան չի կարող լինել:

«Բուժաշխատողներն օրուգիշեր  աշխատել են կոպեկներով, աշխատել են՝ իրենց առողջությունը հարվածի տակ դնելով և մաքսիմալ իրենց կարողությունների սահմանում: Եթե նույնիսկ ինչ-որ բանում թերացել են, բուժաշխատողը հավերժ աշխատող մեքենա չէ, դրա համար ԱՆ-ն պարտավոր էր ստեղծել բուժաշխատողների բանակ, որոնք կփոխարինեին իրար, ոչ թե մի բուժաշխատողին երեք ամսով փակեին մի հիվանդանոցում: Նա մարդ է՝ մսից և արյունից, և նա էլ կարող է հոգնել և, այո, իր գործում թերանալ: Իսկ այդ աշխատանքների կազմակերպումը, որ բուժաշխատողը աշխատի 8 ժամ, կամ հերթապահի 24 ժամ և հետո կարողանա իր պարտականությունները հանձնել կոլեգային, ընկած էր իշխանության վրա՝ մասնավորապես ԱՆ-ի, որի աշխատակիցները ստանում են հսկայական աշխատավարձեր, թող իրենց աշխատավարձն աշխատեն, ոչ թե ուղղակիորեն ստանան, չեն կարողանո՞ւմ, ուրեմն այդ կաբինետներն իրենց տեղը չեն»,- եզրափակեց Գևորգ Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել