Tert.am-ը գրում է․

Մշակույթին չանդրադառնալ՝ նշանակում է անտեսել, չկարևորել այն, բայց համավարակի օրերին էլ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել. ճիշտ է, որքան էլ տեխնիկան թույլ տա առցանց ներկայացումներ բեմադրել, ամեն դեպքում՝ թատրոնը կենդանի շփում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

«Գործող իշխանությունը մշակույթի ոլորտում բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Լիլիթ Մակունցն արագորեն անցավ այլ գործի, Նազենի Ղարիբյանն էլ խնդիրների և սխալների մի ամբողջ ծաղկեփունջ նվիրեց արվեստագետներին: Այսօր ամենասարսափելի միտումը մեր հասարակության համատարած քաղաքականացումն է, դա երբեք լավ բանի չի հանգեցնի: Ի վերջո, արվեստագետն զբաղված է իր գործով, իրեն շատ ավելի հետաքրքիր է իր ներկայացումը, քան ինչ-որ պաշտոնյայի հրաժարական»,- ասել է դերասանը:

Ըստ Ստեփանյանի՝ պետք չէ կառավարել մշակույթը, ինչը փորձել են և փորձում են անել, պետք է ընդամենը չխանգարել արվեստագետներին, վեր հանել հաջողված գործերը միջազգային ասպարեզում. «Քայլն արվում է, հետո սկսում են մտածել: Պետք է հակառակն անել՝ քայլն անելուց առաջ է պետք հետևանքների մասին քննարկում կազմակերպել, կանչել բանիմաց մարդկանց, որոնք ունեն կյանքի փորձ՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական կողմնորոշումից»:

Դերասանի կարծիքով՝ երբ քաղաքականության մասին բոլորն սկսում են դատողություններ անել, դա տանում է փակուղի. «ԱԺ-ում շատ վատ բեմադրություններ են իրականացվում, իրենք էլ իրենց հանդիսատեսն ու ծափահարողն են: Այսօր գույքահարկ ու ՍԴ են քննարկում, ինչ-որ հակառուսական տրամադրություններ են ստեղծում, բայց հիմա առաջնայինը կորոնավիրուսի դեմ պայքարն է, սա իսկական աղետ է մեր գլխին: Այդ հարցին պատշաճ ուշադրություն չկա ո՛չ վերևից, ո՛չ ներքից»:

Վիգեն Ստեփանյանի պնդմամբ՝ այսօր փոխադարձ հարգանքը՝ իբրև բարոյական կատեգորիա, վերացել է, հանրային տրամադրությունները մտահոգիչ են. «Մենք փչանում ենք, դառնում ենք ավելի չար, նախանձկոտ, չհասկացող, բայց հայ մարդը միշտ կին, ընտանիք, երեխա հարգող է եղել: Ո՞ւր է այդ պաշտամունքը, երբ կնոջը կարող են քարշ տալ ասֆալտի վրայով: Ամենասարսափելին խոսքային ագրեսիան է: Քաղաքականությունը դարձել է ամենահեշտ զբաղմունքը, բայց չէ՞ որ դա մասնագիտություն է, որով զբաղվելու համար պետք է գիտելիքների պաշար ունենալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել