Hraparak.am-ը գրում է․

«Հրապարակի» հարցմանն ի պատասխան, ոստիկանությունից պարզաբանեցին, թե ինչու է այսօր առավոտյան խոչընդոտվել ՍԴ անդամ Հրանտ Նազարյանի մուտքը դատարանի շենք․

«22.06.2020 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և 26. 06. 2020 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած:

Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները խոչընդոտել են ՍԴ անդամ Հրանտ Նազարյանի մուտքը դատարանի շենք։ ՍԴ  աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն մեզ փոխանցեց, որ ճիշտ կլինի «խոչընդոտողներից» հարցնել պատճառների մասին, հավելելով՝ փաստն այն է, որ Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մուտք գործել դատարանի շենք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել