News.am-ը գրում է․

Ես խնդիր չեմ տեսնում ստեղծելու մեջ, բայց անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև հնարավոր էր նաև առանց քննիչ հանձնաժողով ձևավորելու վերահսկողություն սահմանել, այնպես, ինչպես, օրինակ ես եմ անում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ էր, որ ԱԺ-ում ստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետության և այլ հարցերի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ խորհրդարանում իրավունքի ուժով նման հանձնաժողով է ստեղծվել։

«Ես ամենօրյա ռեժիմով բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնց հետ առնչվում և տեսնում եմ, պարտադիր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր կերպով զանգում եմ, խնդիրը ներկայացնում եմ, պահանջում եմ խնդրի լուծումներ և այլն։ Այսինքն՝ առաջարկություններ եմ անում, այն ամենը, ինչ կարող եմ անել ինքնուրույն։ Դա կարող էին անել և ինքնուրույն, եթե իրենց նպատակն է կառուցողաբար, ոչ թե ձախողել կորոնավիրուսի դեմ պայքարի այսպես ասած մարտահրավերը, այլ ուղղակի նպաստել կառավարությանը, որպեսզի հաջողի այս գործում։ Այլ տարբերակներ միշտ էլ կան՝ անգամ որպես անհատ պատգամավոր։ Բայց եթե գտնում են, որ սպառել են այդ ճանապարհը, կամ արդյունավետ չեն համարում այդ ճանապարհը, ապա իրենք իրավունք ունեն քննիչ հանձնաժողով ստեղծել, ես խնդիր չեմ տեսնում դրանում»,- մանրամասնեց իշխող ուժի պատգամավորը։

Սոֆյա Հովսեփյանի գնահատմամբ՝ կառավարությունն այսօր անում է այն ամենը, ինչը արվում է խիստ անհրաժեշտության դեպքում և ամբողջ աշխարհում։

«Նպատակային եմ գտնում, որ որպես խորհրդարանական ընդդիմություն իրենք հնչեցնեն, թե ի՞նչ կտա հանձնաժողովը, ի՞նչ նպատակ և ի՞նչ միտում ունեն։ Միգուցե ուզում են պարզել, որ կոռուպցիա կա, որ սխալներ կան, միգուցե ուզում են պարզել կամ հաստատել, որ ոչ մի սխալ բան չկա»,- նկատեց նա։

Մեր հարցին, թե որպես իշխող ուժի պատգամավոր կցանկանա՞ ընդգրկվել այդ հանձնաժողովում, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի իր մասնակցության, ապա ինքը չի մերժի, բայց ինքը չի առաջադրվի։

«Եթե մի նշույլ անգամ կա իմ ներկա լինելու կարիքը, և դա խմբակցության որոշելիքը լինի, ես կմասնակցեմ։ Բայց ես այսօր անում եմ այն ամենը, ինչ պիտի անի քննիչ հանձնաժողովը։ Որպես իմ կամք, որ ես կցանկանամ մտնել հանձնաժողով, դրա կամքն ու ցանկությունը չունեմ, բայց եթե եկավ այն պահը, որ դա անհրաժեշտություն է, ապա ես դա կանեմ հանուն բոլորի»,- ընդգծեց նա։

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կողմից նման հանձնաժողով ստեղծելը լիովին իրավական է, նկատում է նա, բայց նաև չի բացառում , որ այդ գործընթացի հիմքում կա քաղաքական միտվածություն։

«Ես այստեղ էլ եմ տեսնում տրամբանություն, նորմալ է, քաղաքական ընդդիմադիր ուժը պետք է քաղաքական տրամադրվածություն ներդնի այն քայլերի մեջ, որն ինքն անում է։ Այստեղ արտառոց ոչ մի բան չկա։ Իրենք կարող են թե՛ քաղաքական նպատակն դնել այս ամենի մեջ, թե՛ իրավական առումով իրենք իրավունք ունեն, ու ոչ միայն իրենք, այլ յուրաքանչյուրս իրավունք ունի ցանկացած ոլորտի վերահսկման առումով քննիչ հանձնաժողով ստեղծել։ Իհարկե, նայել նաև նպատակահարմարությունից ելնելով, ու ոչ թե այսպես անիմաստ օրական մի բանի համար ստեղծելով, որովհետև դա էլ է կորցնում տրամաբանությունն ու արժեքը»,- նշեց նա։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ խնդիրներ է տեսնում առողջապահական համակարգում՝ հաշվի առնելով նաև համավարակից բխող հետևանքները։ Տիկին Հովսեփյանը նշեց, որ անթերի լինել ոչինչ չի կարող, խնդիրներ, իհարկե կան։

«Բայց սա նաև մարդկային գործոնի ազդեցություն է։ Այսինքն՝ որքան էլ շատ մարդիկ ամեն ինչ հասցնեն կատարելության, կգտնվեն մարդիկ, որ կամ այդ ցանկությունը չեն ունենա, կամ էլ կարողությունը չունեն։ Եվ ուզես, թե չուզես կատարելության չես հասնի։ Հիմա առողջապահության ոլորտը նույնպես այն ոլորտներից մեկն է, որը կախված է բազմազահար անձանցից, և ամեն մեկն ունի իր կարիքները, կարողությունները և խնդիրները։ Բնականաբար, ես չեմ համարի, որ այսօր առողջապահական ոլորտը փայլուն ռելսերի վրա է, և չունի որևէ խնդիր, կամ որևէ այսպես ասած սուբյեկտներից կախված չէ։ Այո, այն ունի խնդիրներ, մի շարք լուծելիք հարցեր և առաջիկայում էլ կունենա, որովհետև COVID-ով պայմանավորված ավելի շատ խնդիրներ ի հայտ եկան, մասնագետների առումով, նրանց որակի առումով և այլն։ Սա պետք է ազդակ լինի առավել այլ տեսանկյունից կառավարման համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է արվի, որ առաջիկա տարիներին այդ խնդիրները լուծված լինեն, և ստիպված չլինենք ակնկալել նաև այլ երկրների օգնություն, այլ մենք օգնենք անհրաժեշտության պարագայում։

Պատգամավորն անդրադարձավ նաև վերջին օրերին բուռն քննարկումների առիթ դարձած կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դիակի անհետանալուն։ Ըստ նրա՝ սա այն բոլոր օղակների «մեղքն» էր, որոնք առնչվել էին այդ դեպքի հետ։

«Եթե անգամ մարդկային գործոնի հետևանքն է եղել, այնտեղ խոսվեց, որ բուժքույրը անունը շփոթել է, սա նշանակում է, որ խնդիր կա։ Ոչ թե խնդիրը բուժքրոջ մեջ է, այլ խնդիրը բուժքրոջ ծանրաբեռնվածության մեջ է։ Եթե, օրինակ, բուժքույրը կարող է կոպիտ ասած կանգնած տեղը քնել, սա անթույլատրելի ու ռիսկային է։ Բայց այսօրվա պայմաններում, երբ գիշեր-ցերեկ, 24- ժամյա ռեժիմով քունը կորցրած, ընտանիք չտեսած աշխատում են, էմոցիոնալ ծանրաբեռնվախության առումով կարող է և բուժքույրը սխալվել։ Պետք է ոչ թե դատապարտենք, որ բուժքույրն այսպիսի բան է արել, այլ ստեղծենք մի սխեմա, որով բուժքույրերը, բժիշկները չհասնեն ծայրահեղ ծանր վիճակի»,- ասաց նա ու եզրափակեց, որ տեղի ունեցածը անթույլատրելի էր. «Կարևոր է, որ հարցը շտկվել է, բայց միևնույն ժամանակ խնդրում, հորդորում եմ մյուս կողմին, որ նման մոտեցում չցուցաբերվի, որովհետև այս ամենից ամբողջ ազգն է ցնցվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել