Եվրոպայի ֆուտբոլի 1996 թ. մրցաշարը դարձել է առաջինը, որի ընթացքում կիրառվել է «ոսկե գոլի» կանոնը կամ, ինչպես այն անվանում են որոշ երկրպագուներ ու մասնագետներ, «ակնթարթային մահվան» կանոնը: Համաձայն այդ կանոնի՝ խաղավերջում ավելացած ժամանակը շարունակվում է այնքան, մինչև գոլ են խփում:

Եվրո-96-ի փլեյ-օֆը չափազանց լարված էր: Տուգանային հարվածներով էին ավարտվել երկու քառորդ եզրափակիչները, ինչպես նաև երկու կիսաեզրափակիչ հանդիպումները: Եզրափակիչ խաղում մրցակցության բարձր աստիճան կար: 24 տարի առաջ՝ 1996 թ. հունիսի 30-ին, եզրափակչում խաղացին Գերմանիայի և Չեխիայի հավաքականները:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ խաղաժամանակը տևեց հինգ րոպե: Առաջին ոսկե գոլի հեղինակը դարձավ գերմանացի հարձակվող Օլիվեր Բիրխոֆը: Դրանից 20 րոպե առաջ հենց նա էր հավասարեցրել հաշիվը, որը բացվել էր Պատրիկ Բերգերի կողմից:

«Ոսկե գոլի» կանոնը կիրառեցին, որպեսզի հավաքականներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն հարձակմանը: Սակայն սա հակառակ արդյունք տվեց: Բավական է նայել այն բանին, թե Եվրո-96-ի քանի խաղ է ավարտվել տուգանային հարվածով: Հավաքականները, վախենալով «ակնթարթային մահից», ավելի շատ սկսում էին մտածել պաշտպանության մասին:

2003 թ. «ոսկե գոլի» կանոնը մոդեռնիզացրին: Գոլը սկսեց անվանվել «արծաթյա». եթե առաջին լրացուցիչ խաղաժամանակում թիմերից մեկին հաջողվում էր առաջ անցնել, ապա խաղն անմիջապես չէր ընդհատվում. ընդհատումը տեղի էր ունենում առաջին 15 րոպեն լրանալուց հետո միայն, եթե հակառակորդին չէր հաջողվում հավասարեցնել արդյունքը:

«Արծաթյա գոլը», ինչպես և «ոսկե գոլը», երկար կյանք չունեցավ: Եվրոպայի 2004 թ. մրցաշարը դարձավ առաջին ու վերջին խոշոր մրցաշարը, որի ընթացքում գործել է կանոնը:

2006 թ. ի վեր թիմերը 30-րոպեանոց օվերթայմ են խաղում՝ անկախ լրացուցիչ խաղաժամանակում խփած գոլերի քանակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել