168.am-ը գրում է․

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը պարտադիր դարձավ ամբողջ հանրապետությունում: Կառավարության որոշմամբ՝ բակային մորթը պետք է արգելվեր դեռ հունվարի 15-ից, սակայն հասարակական դժգոհությունը պատճառ դարձավ, որ ժամկետները երկարաձգվեն:

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սպանդանոցներին այլընտրանք ուղղակի չկա և չի կարող լինել, առավել ևս, այսօրվա համաճարակային վիճակի պայմաններում. «Բոլոր կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում համաճարակները լինելու են մարտահրավերներ, և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի և առհասարակ սննդամթերի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:

168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում սպանդանոցների թեմայի վերաբերյալ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ ամեն համայնք պետք է իր սպանդանոցն ունենար, թեկուզ շաբաթը մեկ օր աշխատեր.

«Կամ 2-3 համայնք միավորվեն, որովհետև այստեղ գլխաքանակի հարցը կա: Օրինակ՝ Վարդենիսում 7-8 գյուղում մեկ շաբաթում մորթվում է 5 խոշոր եղջերավոր անասուն կամ, օրինակ՝ 30 գլուխ խոզ: Շուկան պետք է այն տեսքի բերվեր, որ լիներ ազատ մրցակցություն: Պետությունն ընդամենը պետք է վերահսկեր, համակարգեր աշխատանքը: Պետք են մարդիկ, որոնք հետևողականորեն պատասխանատու կլինեն, մեզ մոտ դա չկա»:

Ինչ վերաբերում է վարչապետի դիտարկումներին, նա ասաց, որ մեր չինովնիկները հաճախ փորձում են արտադրողների վրա բարդել այն սխալները, որոնք հենց իրենք են թույլ տվել. «Նորմալ օրենքներ մշակեիք, նախապայմաններ ստեղծեիք. Ճիշտ մոտեցման դեպքում սպանդանոցները խնդիր չեն: Այս կյանքը միայն կառավարության նիստով չի վերջանում, այլ սկսում է կառավարության դռներից դուրս: Մարդիկ կարող է նորից փողոց դուրս գան: Պետք է ստեղծել այն պայմանները, որ գյուղացին ինքը խնդրելով տանի սպանդանոց: Սպանդանոցը բիզնես է, և այստեղ կառավարությունը ոչ մի խնդիր չունի: Ամեն անգամ քննարկում են սպանդանոցների հարցը, քաղաքապետը քննարկում է, թե ոնց գյուղացուն փողոցից քշի, ինչ կա-չկա, գյուղացու գլխին է: Տղա ջան, գնացեք, մտածեք այն մասին, որ ոնց կազմակերպեք այդ գյուղմթերքի առևտուրը, ոչ թե գյուղացուն փողոցից քշեք: Նույնը՝ մորթը: Այսինքն՝ եթե ճիշտ կազմակերպենք, խնդիր չունենք»:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սկսում են աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված պետական աջակցության պիլոտային ծրագիր: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են ներկրել ցորենի սերմացու, եթե վստահ լինեն, որ գյուղացիական տնտեսությունների շրջանում նման հետաքրքրվածություն կա։ Մտավախությունը պայմանավորված է նրանով, որ որակյալ սերմացուն պարենային ցորենի նկատմամբ ունի զգալիորեն ավելի բարձր գին, որը կազմում է 210-220 դրամ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պարենային ցորենը վաճառել, կառավարությունը 70 դրամ սուբսիդավորի, և արդյունքում՝ գյուղացին 50 դրամ ավելացնի և գնի ցորենի սերմացուն:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ սա ամիսներ առաջ Ագրարագյուղացիական միավորման կողմից նախարարությանն արված առաջարկի արդյունքն է.

«Ողջունում ենք այսօր այդ ծրագիրը, որովհետև մենք էլ ենք ակտիվ մասնակցել: Բայց արդյո՞ք այն, ինչ կառավարությունը քննարկեց, մեր սրտով էր. իհարկե ոչ: Մեր սրտով չէր, որովհետև այդպես էլ պարզ չէր՝ այս ծրագրի պատասխանատուն ով է: Եթե որպես մասնագետ ենք նայում, ախր, եթե Հայաստան մտնի 5000 տոննա բարձր վերարտադրության սերմացու, ցանքատարածությունները կավելանան: Հետաքրքիր էր, որ ոչ ոք դրա մասին չխոսեց, խոսում էին բարձր բերքատվության մասին»:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի գյուղմթերքի գինը մոտ 30 տոկոսով բարձր է, քանի որ, ըստ նրա՝ ցանքատարածություններն են պակասել. «Լոլիկի գինը կմնա մոտ 400 դրամի սահմաններում, դա ջերմոցի լոլիկն է, բաց գրունտի լոլիկը չէ: Այս տարի գյուղմթերքը չի էժանանալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել