Hraparak.am-ը գրում է․

Մենք արդեն գրել ենք, որ վաղը՝ հուլիսի 3-ին, Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառք վերցնելու գործով դատական նիստին ներկայանալու է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հետաքրքրական է , որ Թորոսյանին դատարան հրավիրելու միջնորդությունը ներկայացրել են հենց մեղադրյալի պաշտպանները՝ բնականաբար ակնկալելով իրենց առաջադրած հարցերին այնպիսի պատասխաններ, որոնք կօգնեն իրենց պաշտպանյալ Արսեն Դավթյանին: 

«Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Արսեն Թորոսյանը դատարանում շատ կարեւոր ցուցմունք է տալու, որը շրջելու է դատաքննության ընթացքը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որոշել է հնարավորինս նպաստել, որ իր նախկին տեղակալի նկատմամբ հնարավորինս մեղմ դատավճիռ կայացվի: Նախարարն, ըստ որոշ լուրերի, հնարավոր է դատարանում հայտարարի, որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն՝ առանց նախարարի հետ համաձայնեցնելու և համապատասխան հրաման ձևակերպելու որևէ բժշկական կազմակերպության պետպատվերն ավելացնել, ուստի, այն արաքը, որը կատարել է Արսեն Դավթյանը՝ գումարի դիմաց խոստանալով բարձրացնել Հանրապետական ծննդատանը հատկացվող պետպատվերի ծավալը, ոչ թե կաշառք է, այլ խարդախություն, որը կատարվել է ոչ թե փոխնախարարի, այլ մյուս մեղադրյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից: Սույնով նախկին փոխնախարարի արարքը ավելի մեղմ որակում է ստանում, քանի որ կաշառքը համարվում է առավել ծանր հանցագործություն՝ դատապարտման ավելի երկար ժամկետով, և որի վրա չի ազդում նույնիսկ համաներումը: Սա ինչ է նշանակում՝ շնորհակալություն նախկին տեղակալին «լռության» դիմա՞ց։ Թե որքանով է հավանական այս սցենարը, կիմանանք վաղը: Մեր աղբյուրները պնդում են, որ ամեն դեպքում ցուցմունքը լինելու է սենսացիոն եւ դատաքննության ելթի համար վճռորոշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել