Hraparak.am-ը գրում է․

Քաղաքական ո՞ր ուժին նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ հունիսի 25-ին ԱԺ ամբիոնից «կանխատեսում» էր․ «Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության, ժողովրդական հեղափոխության արժեքները»։ Արդյոք ԲՀԿ-ի՞ն նկատի ուներ՝ խորհրդարանում հիմնականում երկրորդ տեղի համար պայքարող կուսակցությանը, որը հեղափոխության ժամանակ սատարեց նիկոլականներին՝ ջուր մատակարարելով, հանրահավաքներին մարդ ապահովելով, ապա հետհեղափոխական կառավարության մաս դարձավ։
Կամ՝ ԼՀԿ-ի՞ն, որը 2018-ի ապրիլին թավշյա հեղափոխության մեթոդների նկատմամբ լուրջ վերապահումներ, ինչպես նաեւ կասկածներ ուներ՝ հաղթական ելքի առումով, բայց իշխանական կարկանդակը բաժանելիս համով պատառների հավակնություններ ցուցաբերեց։

Իսկ գուցե հարազատ իմքայլականների՞ն էր ակնարկում։ Չէ՞ որ ԱԺ 2 ուժերը միասին վերցրած այնքան չեն հեղինակազրկում օրենսդիր մարմինն ու հայկական քաղաքական դաշտը, որքան սեփական թիմը։ Այս թիմն է բյուջեից անաշխատ եկամուտներ ստանում, հենց ինքն է դավաճանում թավշյա հեղափոխության, ժողովրդական հեղափոխության արժեքները։ Կոռուպցիան, ալան-թալանը մերժող իմքայլականները չէի՞ն, որ մաքսանենգ ճանապարհով՝ կենցաղային ապրանքների անվան տակ, Հայաստանից 40 տոննա ծխախոտ արտահանեցին ՌԴ։ Եվ, որքան էլ զարմանալի է, արեցին արտակարգ դրության պայմաններում՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, ոստիկանության եւ օդանավակայանի ղեկավարության լուռ հայացքի ներքո։ Իշխող քաղաքական ուժի թողտվությամբ չէ՞ր արդյոք, որ օտար արժեքներ դավանող ինչ-ինչ մարդիկ դուրս եկան առաքելական եկեղեցու դեմ ու մի քանի օր պաշարման մեջ պահեցին վեհարանը։

Հայ ավանդական ընտանիքների արժեհամակարգը խաթարող, դրսից ներմուծված վտանգավոր ծրագրերը եւս վայելում են «Իմ քայլի» հովանավորչությունը։ Առաջին տրանսգենդերը, որին խոսափող տրամադրվեց ամենաբարձր ամբիոնից, ԱԺ նիստերի դահլիճ էր մտել իմքայլականի «դաբրոյով»։ Վայելելով վերջիններիս հովանավորչությունը՝ ակտիվության նշաններ ցույց տվեց ԼԳԲՏ ծպտյալ համայնքը։ Սեռական փոքրամասնություններին հիմա արդեն կարելի է տեսնել Երեւանի կենտրոնում՝ օրը ցերեկով խումբ-խումբ հավաքված։ Հայաստանի պարտությունը կորոնավիրուսին նույնպես իշխող քաղաքական ուժի մեղքով է։ Համավարակից ամիսներ անց էլ երկրի COVID քարտեզի վրա կարմիրն ամենաշատն է, որովհետեւ Հիպոկրատի հետեւորդները բուժկենտրոնների մեջ բարիկադներ են կառուցել։

Հասարակությանը սեւ-սպիտակի, բնիկների եւ եկվորների բաժանելը, մթնոլորտն ատելությամբ լցնելը, այլախոհներին քաղաքական հետապնդման ենթարկելը եւս իշխող քաղաքական ուժի ձեռագիրն է։ Եվ եթե սրանք են ժողովրդական հեղափոխության արժեքները, որոնց մասին ակնարկում էր վարչապետ Փաշինյանը, ուրեմն մինչեւ հաջորդ ընտրություն հայ հասարակությունը լուրջ մտորելու առիթ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել