168.am-ը գրում է․

Հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի 82-ամյա տատիկի դին, ով հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։

«Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է՝ Մարիամի եղբայրն անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։
Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են Առողջապահության նախարարություն, դիմել են Առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:
Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ ամենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:
Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում՝ էս ինչ եք անում, ու, որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:
Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել…..»։

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի՝ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․ «Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` Առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»:

ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որևէ նորություն կա, նա պատասխանեց․

«Այս պահի դրությամբ որևէ նորություն չկա, հանգամանքները պարզվում են»։

Aravot.am-ի հետ զրույցում թոռնուհին ասել էր․«Իմիջիայլոց, եղբայրս գնացել, իր առողջությունը վտանգելով, մտել է, կորոնավիրուսով 18 դիակ ինքն անձամբ բացել, փակել է, որ տատիին գտնի, նույնիսկ շոր չեն տրամադրել։ Դուրս են եկել, ասել են ՝գիտեք ինչ կա, կգնաք, ձեր շորերը կախտահանեք, էդ պահին իմ եղբայրն ու իր ընկերը գնացել են խանութ, իրենց շորերը գցել են, որ հանկարծ համավարակով չվարակվեն, վեց լիտր սպիրտով լվացվել են երկու ընկերներով»։

Լիլիթ Բաբախանյանից հետաքրքրվեցինք՝ նման բան հնարավո՞ր է, արտահագուստ չպե՞տք է ունենար: ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնեց, որ ինքը կապ է հաստատել դիահերձարանի աշխատակիցների հետ, պատասխանել են՝ բոլորին բացատրվում է, որ վտանգավոր է, ներս չի կարելի մտնել, իսկ մտնելիս գոնե պաշտպանիչ միջոցներ պետք է լինի։

«Հայտնեցին, որ տղան ունեցել է դիմակ, բայց արտահագուստ չի եղել։ Նման ընթացակարգ չկա, որ արտահագուստով պետք է մտնի»,- նշեց Լիլիթ Բաբախանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել