Tert.am-ը գրում է․

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ հունիսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից հետո, ինչպես ակնկալվում էր, յուրաքանչյուր կողմը այդ մասին հաղորդագրություն տարածեց՝ շեշտելով իր համար կարևոր մանրամասներ: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ մինչ հանդիպումն էլ տեղի ունեցավ մի բան, որը կարծես առանձնապես ուշադրության չարժանացավ և չմեկնաբանվեց. խոսքը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, որի ժամանակ այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Ցավոք սրտի, այս հեռախոսազրույցի վերաբերյալ շատ տեղեկություն չունենք, չգիտենք, թե զանգի նախաձեռնությունը որ կողմից է եղել: Պետք է նկատել, որ նման զանգ տեղի չի ունեցել գոնե Ադրբեջանի հետ հանդիպումից առաջ»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը, անդրադառալով նորից արտգործախարարների հանդիպման վերաբերյալ եղած հաղորդագրություններին, նկատեց, որ մինչ հանդիպումը եղած հաղորդագրություններն էլ երկու կողմերի մոտ տարբեր են եղել. հայկական կողմը փորձում էր ցույց տալ, որ բանակցությունների միջավայրն այդքան էլ նպաստավոր չէ, իսկ Ադրբեջանը փորձում էր իրեն ներկայացնել որպես կառուցողական կողմ, որ հայկական կողմն է ոչ կառուցողական, որ ինքը պատրաստ է բանակցությունների, և կբանակցի այնքան, որքան հնարավոր է:

Պատասխանելով դիտարկմանը, թե ի վերջո իր տպավորությամբ հիմա բանակցություններ կա՞ն, թե՝ ոչ, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս երկու տարիների ընթացքում տարբեր են եղել հայտարարությունները բանակցություններ լինելու և չլինելու վերաբերյալ: «Իշխանությունները խուսափել են բանակցություններ բառն օգտագործելուց, դրանք անվանել են հանդիպումներ, կոնսուլտացիաներ և այլն, նաև փորձել են խուսափել «Արցախի Հանրապետության իշխանություններ» տերմինի օգտագործումից: Խոսք է եղել, որ բանակցություններում չկա փաստաթուղթ, հետո ասվել է, որ այն չի բանակցվում, պարզապես փաստաթուղթ է, որի շուրջ քննարկումներ են եղել: Ասվում էր, որ փուլային լուծում չկա սեղանին դրված, բայց պարզվեց՝ կա: Այնպես որ այդ առումով՝  հակասությունները շատ են. տեղեկատվական դաշտը չափազանց տարբեր է: Եթե մենք առաջնորդվենք բացառապես  պաշտոնական հաղորդագրություններով, մի բան կստանանք, բայց լրիվ այլ պատկեր կստանանք, երբ հետևենք այլ աղբյուրների ասածին, օրինակ, ՌԴ արգործնախարարի հայտարարություններին»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել