168.am-ը գրում է․

Մեկուկես ամսվա դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրին Մնացականյան-Մամեդյարով մոտավորապես մեկ ժամ տևողությամբ հերթական տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանդիպումներ են ունեցել քննարկելու տարածաշրջանում հանրային առողջապահական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացում նախատեսվող հաջորդ քայլերը:

Համանախագահները, բացի ավանդական ձևակերպումներից, նշել են, որ դրական են գնահատում տեղում հարաբերական կայունությունը, և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել առկա հաղորդակցական ուղիղ կապերը` էսկալացիայից խուսափելու համար, ինչպես նաև մտահոգություն հայտնել, որ վերջին հրահրող հայտարարությունները, թշնամական հռետորաբանությունը կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը, միևնույն ժամանակ կարևորելով Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տեսակոնֆերանսն անցկացնել այս ամսվա ընթացքում։

Ադրբեջանական հաղորդագրությունում միայն մեղադրանքներ են՝ ուղղված հայկական կողմին, և տեղեկություն, որ հաջորդ տեսակոնֆերանսը տեղի կունենա այս ամիս։ Մնացականյան-Մամեդյարով նախորդ կոնֆերանսը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ փուլային կարգավորման մասին աղմկահարույց հայտարարություններից հետո, որն ըստ էության ստվեր գցեց նույնիսկ այդ օրը կայացած նախարարական տեսակոնֆերանսի բովանդակության վրա, քանի որ կողմերը ամենաբարձր մակարդակում սկսեցին հայտարարություններ տարածել Լավրովի դիտարկումների վերաբերյալ, որոնք այս ընթացքում վերաճեցին ռազմատենչ և սուր հռետորաբանության աճի։

Այնուամենայնիվ, հարկ է հիշեցնել, որ ապրիլի 21-ի կոնֆերանսից հետո տարածվեց հնգակողմ հայտարարություն այն մասին, որ մասնակիցները քննարկել են տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից, անդրադարձ կատարել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

«Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորեցին իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը»,- ասված էր հայտարարության տեքստում։

168.am-ի հետ զրույցում, գնահատելով կարգավորման գործընթացի վերջին իրադարձություններն ու երկու տեսակոնֆերանսների արդյունքները, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը, որպես դրական փաստ, նշեց այն, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ու շփման գծում պահպանվում է որոշակի կայունություն։

Սակայն, ըստ նրա, դրա հետ մեկտեղ՝ կա սուր ռազմատենչ հռետորաբանություն, որը չափազանց վտանգավոր գործոն է և կարող է սպառնալ հրադադարի պահպանմանը։ Ուստի, Ֆելգենգաուերի խոսքով, կարևոր էր, որ համանախագահներն անդրադարձան դրան, կարող էր այն ավելի սուր և կտրուկ լինել, բայց հասկանալի է նաև այն, որ համանախագահները ցանկանում են պահպանել իրենց չեզոք միջնորդի դերակատարությունը՝ «չնեղացնելով» կողմերից ոչ մեկին։

«Գործում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վստահաբար ավելի լայն կոնտեքստ ունեն, քան միայն հրադադարի պահպանումը շփման գծում, որի շնորհիվ դրանց կենսունակությունն այսօր էլ չի կորել։ Հանդիպումները փակ են, ուստի դժվար է ասել, թե ինչ պայմանավորվածություններ և քննարկումներ են։ Նկատելի է նաև բոլոր պաշտոնական հայտարարություններում բառապաշարի փոփոխություն, ավելի հաճախ է խոսվում խաղաղ գործընթացի մասին, այստեղ ևս դժվար է գուշակել՝ խաղաղ գործընթացը բուն կարգավորման գործընթա՞ցն է բանակցություններով, թե՞ պարզապես խաղաղությունը հակամարտության գոտում՝ առանց հրադադարի խախտումների։

Այնուամենայնիվ, այս ձևակերպումները ևս որոշակի հիմք ունեն, և կարծես կոնսենսուս կա՝ պահել ներկայիս դինամիկան՝ մինչև աշխարհում առողջապահական իրավիճակի կայունացումը և անձնական հանդիպումների վերականգնումը։

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի լուրջ հարցեր կարող են քննարկվել տեսակոնֆերանսների ընթացքում, կարծում եմ՝ այս շփումների ընթացքում շեշտը դրվում է կողմերի միջև շփումները պահպանելու անհրաժեշտության վրա։ Համանախագահները նկատում են, որ շփումների ընդհատումը բերում է ռազմատենչ հռետորաբանության սրման և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները դնում է վտանգի տակ։ Կարծում եմ՝ համանախագահներն այս կոնֆերանսը կազմակերպել էին հենց այդ նպատակով։ Իմ ասածի վկայությունը նաև հանդիպման տևողությունն է, ավելի վաղ նախարարների հանդիպումները տևել են մինչև անգամ ութ ժամ, ինչը նշանակում է, որ այդ ընթացքում լուրջ հարցեր են քննարկվել, իսկ այս հանդիպումը տևել է կարճ, այսինքն՝ քննարկվել է առավելապես ընթացիկ իրավիճակը, կողմերը և համանախագահները ներկայացրել են որոշակի դիրքորոշումներ, կարծում եմ՝ այդքանով էլ ամեն ինչ ավարտվել է»,- ասաց վերլուծաբանը։

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ քննարկվո՞ւմ են արդյոք ռուսական առաջարկները, ինչպես ապրիլի 21-ին ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ 2019 թվականից սկսած, ամենայն հավանականությամբ, որոշ ընդմիջումներով ինչ-որ հարցեր կողմերը քննարկում են։ «Դրանք նոր հարցեր չեն, նոր գաղափարներ չեն, վստահ եմ, քանի որ նոր քայլեր այլևս չեն ի հայտ գալու, կարող են լինել դրանց վերաձևակերպումներ, և ըստ իս՝ որոշ հարցեր քննարկվել են, բայց թե որտեղ է գտնվում կողմերի դիրքորոշումների հատման կետը, դժվար է ասել, քանի որ հրապարակային հայտարարություններում կողմերը խուսափում են խոսել կարգավորումից, քանի որ Հայաստանի դեպքում կա Ղարաբաղի մասնակցության հարցը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ հասարակական տրամադրությունների, ինչպես նաև զիջումներ չանելու մասին պարբերաբար արվող հայտարարությունների հարցը, կողմերը հրապարակային առումով դիրքավորվում են արմատական, և այստեղ հակասություն է առաջանում, երբ խոսվում է խաղաղության մթնոլորտի մասին, քանի որ նման մթնոլորտի համար հարկավոր է խոսել զիջումների մասին, քանի որ հակամարտության կարգավորումը ենթադրում է զիջումներ բոլոր կողմերից, դա անխուսափելի է»,- ասաց Ֆելգենգաուերը։

Խոսելով հակամարտության գոտում հնարավոր զարգացումների մասին՝ ռազմաքաղաքական վերլուծաբանն ասաց, որ կողմերը չեն բացառում, որ այնուամենայնիվ իրավիճակի սրում կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության գոտում։

«Եթե կողմերը խոսում են նոր սպառազինությունների, զինվելու և շարունակաբար ուժեղանալու մասին, իսկ վերջերս եղել են նման հայտարարություններ, նշանակում է, որ այս սցենարը դեռ ոչ մեկը չի բացառում։ Բայց ակնհայտորեն այս փուլում այդ սցենարը ձեռնտու չէ ոչ մի կողմի, և նորություններ հակամարտության գոտում և կարգավորման գործընթացում կլինեն համավարակի թեժ փուլի հաղթահարումից հետո»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել