ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ 

Երկու միլիարդ դրամը, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Քոչարյանի կրստեր որդին՝ Լևոնը, իրենց համար մեծ գումար է, ուստի իրենք ստիպված էին  իր և քրոջ՝ Գայանեի բնակարանները գրավ դնել, որ այդ գումարը կարողանան հավաքել, նաև տարբեր բարերարներ են պատրաստակաություն հայտնել աջակցել իրենց։

Լևոն Քոչարյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 միլիարդից մոտ 500 մլն դրամն իրենք իրենց միջոցներով են հայթայթել, իսկ 1.5 միլիարդը բարերարների աջակցությունն է։

«Այդ 500 միլիոնից մոտ 300 միլիոնի կարգի եղել է Գայանեի բնակարանի գրավադրման գումարը, այսինքն՝ բանկից մոտ այդքան գումար ենք վերցրել, իսկ դրա մյուս մասն էլ ես իմ ընկերությունից եմ պարտք վերցրել, մինչև իմ բնակարանն էլ գրավ կդնեմ, ու այդ պարտքը ընկերությանը հետ կտամ»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Իսկ տակը մնացած 1.5 միլիարդը չորս տարբեր աղյուրից է գոյացել՝ մեծ մասը АФК «Система»  ընկերությունն է փոխանցել, որի խորհրդի անդամ վերջերս նորից ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, մյուս ամենամեծ բաժինը փոխանցել է «Տաշիր» գրուպի հիմնադիր, հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, գումարներ են փոխանցել նաև  ռուսաստանաբնակ խոշոր գործարարներ Սերգեյ Համբարձումյանն ու Գենադի Ստեփանյանը։

Հարցին՝  այդ 1.5 մլրդ դրամ գումարն իրենք վերադարձնելու պարտավորություն ունե՞ն, թե՞ սա զուտ բարեկամական աջակցություն է, Լևոն Քոչարյանն ասաց․ «Իհարկե, ունենք, այդ գումարը մեզ չեն նվիրել, երբ որ այդ գումարը, կախված իրավական պրոցեսներից, հետ կվերադարձվի մեզ, մենք էլ հետ կտանք այդ մարդկանց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել