168.am-ը գրում է․

Հունիսի  30-ին տեղի   է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

Հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշել են, որ հակամարտությանը որևէ ռազմական լուծում չկա։
Նրանք նաև կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց, թե տեսակոնֆերանսն ի՞նչ մթնոլորտում է անցել։

«Տեսակոնֆերանսի հետ կապված՝ ինչ ենթակա էր հրապարակման՝ ներկայացրել ենք մամուլի հաղորդագրությամբ, դրանից ավելին այս պահին ավելացնելու բան չունենք։ Այդ հաղորդագրության մեջ հստակ ներկայացված է, ինչ է եղել, եղել է նաև Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը։ Դրանից ավելի հիմա որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Ա. Նաղդալյանը։

Դիտարկմանը՝ այսօր հրապարակվել է վերլուծություն, որտեղ նշվում է, որ տեսակոնֆերանսն անցել է բավականին լարված մթնոլորտում` կապված այն հանգամանքի հետ, որ վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, Աննա Նաղդալյանը նկատեց.

«Ինքս այդ վերլուծությունը չեմ կարդացել, ուստի չեմ կարող ասել, թե այն որքանով է արժանահավատ, կարող եք այն ինձ ուղարկել, ծանոթանամ, թե ինչի մասին է խոսքը։ Մենք սիրով ծանոթանում ենք բոլոր վերլուծությունների հետ»,- շեշտեց Աննա Նաղդալյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ տարածված պաշտոնական հաղորդագրությունից զատ, տեսակոնֆերանսի վերաբերյալ հավելյալ բան չի կարող ասել։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարը վերջին անգամ տեսակոնֆերանս են ունեցել ապրիլի 21-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել