Մի քանի օր է՝ իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներն ու նրանց սպասարկող facebook-յան օգտատերերն ակտիվ քննարկում են ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ դատավոր և այդ կառույցի նախագահ դառնալու հարցը։

Ինքս երբևէ առնչություն չեմ ունեցել այդ անձի հետ, սակայն կանդրադառնամ երկու դրվագի, որոնցով կարելի է պատկերացում ստանալ Գագիկ Ջհանգիրյանի մասին։ Ըստ Գյումրիում այդ ժամանակ տարածված լուրերի` 1996 թ․-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո, որոնք նույն Նիկոլ Փաշինյանը համարում է կեղծված, ԿԸՀ է մեկնում Շիրակի մարզի պատասխանատու Գագիկ Ե-ն, ով զեկուցում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել է Վազգեն Մանուկյանին։ Ըստ այդ նույն լուրերի`ԿԸՀ-ում գտնվող Գագիկ Ջհանգիրյանը հանում է իր դարակից ատրճանակը և սպառնում Գագիկ Ե-ին, որ եթե վերջինս շատ արագ «չկազմակերպի» Տեր-Պետրոսյանի հաղթանակը, ապա այդ սենյակից դուրս չի գա։ Ըստ օդում կախված լուրերի` այնտեղ է եղել նաև Ջհանգիրյանի մոտ ԿԸՀ նախագահ աշխատող Ռոբերտ Ամիրյանը։

Հաջորդ պատմությանը շատ լավ ծանոթ եմ։ Այն կապված է հայտնի և աղմկահարույց Մատաղիսի գործի հետ, երբ նույն Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ցմահ ազատազրկման դատապարտված, բայց հետո դատարանով ազատ արձակված երեք զինծառայողների բարեկամների և բազմաթիվ իրավապաշտպանների, գործ էր կարում այդ տղաների գլխին՝ թաքցնելով երկու զինծառայողների սպանության իրական մեղավորներին։ Շատ լավ ծանոթ եմ, թե Լոռու և Շիրակի մարզից բանակ զորակոչված ու մարդասպանության մեջ մեղադրված զինվորները և նրանց ծնողներն ինչ վերապրեցին, մինչև արդարադատությունը հաղթեց։ Ի դեպ, ըստ լուրերի, Ջհանգիրյանը շարունակում է պնդել, որ մարդասպաններն այդ երեք զինծառայողներն են։

Ըստ օդում կախված լուրերի` նույն Գագիկ Ջհանգիրյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 1995 թ․-ի հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործում, որի արդյունքները նա է հրապարակել ԱԺ ամբիոնից։

Հ.Գ. Ու այս մարդուն «ռեինկարնացնելով» Նիկոլն ուզում է ապացուցել, որ նա «Նոր Հայաստան»-ի արդարադատությունն է հիմնում։ Սա արդարադատության այլասերումն ու ոչնչացումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել