Հնդկաստանում 30-ամյա կինը երկար ժամանակ փորձել է հղիանալ, սակայն անարդյունք: Հանկարծ նա պարզել է, որ կենսաբանորեն տղամարդ է: Ավելին՝ նրա մոտ ամորձու քաղցկեղ է եղել:

Հետաքրքիր է, որ տղամարդ է եղել նաեւ նրա 28 տարեկան քույրը, որը եւս իրեն կին է համարել: Նման խնդրի հետ են բախվել նրա 2 մորաքույրները:

Ինչպես հայտնում է PTI-ն, պացիենտը դիմել է Netaji Subhas Chandra Bose Cancer Hospital բժշկական կենտրոն որովայնի ցավերով: Այնտեղ պարզվել է, որ նա կին չէ:

«Արտաքնապես նա կին է: Նրա ձայնը, կուրծքը, սեռական օրգանները՝ ամեն ինչ կանացի է: Սակայն նրա մոտ ի ծնե բացակայում են արգանդն ու ձվարանները»,- պատմել է օնկոլոգ Անուպամ Դուտան:

Պացիենտն ամուսնացած է եղել 9 տարի եւ ամբողջ ընթացքում փորձել է հղիանալ, բայց ապարդյուն: Գենետիկ անալիզ անցկացնելով՝ բժիշկները հաստատել են, որ նա իրականում տղամարդ է, եւ նրա մոտ XY քրոմոսոմներ են:

Որովայնի ցավերի պատճառը ամորձու քաղցկեղն է եղել: Նա իրոք ամորձիներ ուներ, բայց դրանք հասունացած չէին եւ պացիենտի որովայնում էին գտնվում։ Տեստոստերոն (տղամարդու հորմոն) դրանք չէին արտադրում, եւ կանացի հորմոնների ազդեցության տակ պացիենտի մարմինը կանացի տեսք էր ստացել։

«Այդ մարդը մեծացել է որպես կին, ամուսնացած է եղել տղամարդու հետ արդեն 10 տարի: Այժմ մենք աշխատում ենք պացիենտի եւ նրա ամուսնու հետ եւ խորհուրդ տալիս ապրել այնպես, ինչպես նախկինում»,- պատմել են բժիշկները:

Նման երեւույթը կոչվում է Մորիսի համախտանիշ կամ անդրոգենների (ողամարդկային հորմոնների) նկատմամբ անզգայունության համախտանիշ: Այն շատ հազվադեպ է հանդիպում՝ 22 000 տղամարդկանցից մեկի մոտ:

Քանի որ նման խնդիրը եղել է ոչ միայն պացիենտի մոտ, այլ նաեւ նրա հարազատների մոտ, բժիշկները եզրակացրել են, որ խնդիրը նրանց ընտանիքում ժառանգական է եւ, հավանաբար, կարտահայտվի նաեւ հետագա սերունդներում:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել