Թորոսյան Արսենի հարցազրույցը Հ1-ին չէի նայել, երեկ աչքովս ընկան վերնագրեր, թե իբր ասել է, որ հպարտանում է Հայաստանում կովիդից մահերի ցուցանիշներով, մտածեցի լրագրողները հանուն սենսացիայի ինչ-որ բան չափազանցրել կամ աղավաղել են։

Այսօր սկսեցի նայել զրույցը և պարզվեց, որ բնավ չեն չափազանցրել կամ աղավաղել կամ կոնտեքստից կտրել։

Իսկապես, խոսելով մահերի մասին, Արսեն Թորոսյանը 05:48-ից հայտարարում է. «Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Եւ ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման լավ ցուցանիշներ»:

* * *

Անեկդոտ հիշեցի...

Մի մարդ ընկերոջը խոստովանում է, որ գիշերամիզություն ունի, բժիշկներն էլ չեն կարողանում օգնել։ «Հոգեվերլուծաբանի դիմիր, գուցե օգնի», — խորհուրդ է տալիս ընկերը։

Մեկ ամսից նորից հանդիպում են, ընկերը հարցնում է.
— Ի՞նչ եղավ գիշերամիզության խնդիրդ, գնացի՞ր հոգեվերլուծաբանի մոտ։
— Այո, ամեն ինչ շատ լավ է։
— Էլ տակդ չե՞ս անում։
— Անում եմ, բայց հիմա ես դրանով հպարտանում եմ։

* * *

Այսօրվա դրությամբ 555 մահացած վարակվածների թվով Արսեն Թորոսյանի հպարտանալն անեկդոտի պես խնդալու կլիներ, եթե նա ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի առողջապահության նախարար լիներ, մենք էլ կողքից նայեինք, ասեինք. «Այս ինչ կատարյալ անասուն է Ադրբեջանի առողջապահության նախարարը»։

Բայց քանի որ նա, ցավոք, ոչ թե թշնամի երկրի, այլ Հայաստանի առողջապահության նախարարն է, ապա այս կարգի ծայրահեղ ստորությունն ու ցինիզմը կատակելու ցանկություն չի առաջացնում։

Չեմ կարծում, որ աշխարհի որևէ երկրում հակահամաճարակային պայքարը տապալած մարդու այսպիսի ցինիկ հայտարարությունը մնար անհետևանք... Բայց նիկոլապետությունում, փաստորեն, 500+ մահերի պատասխանատուն դեռ մի բան էլ կարող է հպարտություն զգալ։

Քիչ հետո նաև թվերով կանդրադառնամ...

Հ.Գ. Չծուլացա, հաշվեցի, 01:40-ից սկսած 2 րոպեում 6 անգամ շեշտում է, որ ամեն ինչ լավ է. «շատ-շատ լավ», «շատ լավ տեղում [ենք]» (մահերի ցուցանիշներով), «Գերմանիայից ու շատ երկրներից լավ տեղում ենք», «ամբողջ Եվրոպայից լավ տեղում ենք», «[Հայաստանում] բուժօգնությունը շատ բարձր որակի է», «մեր մոտ մատուցվում է ամենաբարձրորակ բուժօգնությւոնը նման պացիենտների համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել