Panorama.am-ը գրում է․

Օդի աղտվածությունը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Տարբեր միջազգային կազմակերպությունների տվյալներով տարեկան հարյուր հազարավոր մարդիկ մահանում են մթնոլորտային աղտոտվածության պատճառով:

Իրավիճակը նույնն է թե զարգացող,  թե զարգացած երկրներում, մի տարբերությամբ, որ զարգացած երկրները զգալի գումարներ են հատկացնում օդի աղտոտման պատճառների վերացման կամ մեղման ուղղությամբ:

Մթնոլորտային աղտոտման հիմնական պատճառներն են արդյունաբերությունը, էներգիայի օգտագործման և տրանսպորտային արտանետումների քանակը և այլ գործոններ:

Հայաստանի մթնոլորտային աղտոտավածության հետ կապված խնդիրներից խոսելիս հարկ է նշել, որ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային աղտոտման պատճառները տարբեր են: Եթե Երևանում հիմնականում օդն աղտոտվում է շինարարական և տրանսպորտային արտանետումների հետևանքով, ապա մարզերում պատճառն արդյունաբերությունն է: 

«Ինձ հիմնականում անհանգստացնում է մետաղային հանքարդյունաբերության ոլորտը, քանի որ այն ծանր մետաղներով թունավորում է և օդային ավազանը, և ջրերն ու հողերը, ինչպես նաև ազդում է  առողջապահության վրա: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենածանր վիճակում  Լոռու և Սյունիքի մարզերն են, որտեղ ակտիվ ընթանում է լեռնային հանքարդյունաբերությունը: Այստեղ արտադրական արտանետումների քանակն ու բաց հանքերի թափոնները էական վնաս են հասցնում շրջակա միջավայրին, այդ թվում աղտոտում են օդն ու հետևաբար վնասում մարդկանց առողջությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:

Անդրադառնալով մայրաքաղաք Երևանին՝ մասնագետը բարձրացրեց Կենտրոն համայնքում ընթացող խիտ շինարարության խնդիրը։

«Կենտրոնի խիտ կառուցապատումը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունենում։ Շինանյութերն իրենց հետ բերում են նաև որոշ ռադիոակտիվ նյութեր, հատկապես խիտ կառուցապատման պայմաններում, ինչն ունենում է բացասական ազդեցություն»,- ասաց Դանիելյանն ու միաժամանակ տեղեկացրեց, որ Երևանի օդի աղտոտվածության մեջ մեծ չափաբաժին ունեն նաև շրջակայքում գործող ոչ մետաղական հանքավայրերը:

Ըստ նրա, Երևանի շրջակայքում գործում են 20-ից ավելի հանքավայրեր, թեպետ դրանք մետաղային հանքեր չեն, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ ծանր մետաղներ պարունակում են։  

Այդուհանդերձ, օդի աղտոտվածության ճշգրիտ պատկեր ունենալու համար, անհրաժեշտ է ունենալ  կայաններ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիայով, քանի որ Հայաստանում գործող մոնիթորինգի կայանները չափում են օդում շատ քիչ քանակությամբ նյութեր: Հետևաբար, մթնոլորտային աղտոտվածության մասին միանշանակ չենք կարող ասել, որ ունենք ճշգրիտ պատկեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել