Armsport.am-ը գրում է․

Երևանի «Լոկոմոտիվը» հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ՀՖՖ գործկոմի՝ պայմանավորված խաղերի վերաբերյալ կայացած նիստին: Երևանյան ակումբի հայտարարության մեջն ասվում է.

«Լոկոմոտիվ» ՖԱ-ը ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկացավ , որ տեղի է ունեցել ՀՖՖ գործկոմի նիստ պայմանավորված խաղերի վերաբերյալ , որտեղ բացման խոսքով հանդես է եկել նախագահ Ա.Մելիքբեկյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Ա.Ազարյանը:
Անդրադառնալով նրանց ելույթներին , մենք ևս հավելում ենք , որ մեր Ակումբը կողմ է , որ Հայկական ֆուտբոլում լինի արդար մրցակցություն , պահպանվի արդար խաղի բոլոր պահանջները՝ անկողմնակալ մրցավարությունը , խաղերի անցկացման պահանջների լիարժեք կատարումը , բոլոր ակումբների հավասարությունը Կանոնակարգի առաջ և այլն…
Իր զեկույցում ՀՖՖ գլխավոր քարտուղարը ներկայացրեց փորձագիտական կոմիտեի աշխատանքների արդյունքները և պատրաստած զեկույցները , որում «Լոկոմոտիվ» ՖԱ-ին մեղադրեցին պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու , պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու մեջ:
Որպես հիմք ներկայացվել է ՀՀ Իրավապահ մարմինների , ՈՒԵՖԱ-ի և մեզ համար անհասկանալի բուքմեյքերական ընկերությունների , ինչպես նաև բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ զբաղվող արտասահմանյան ինչ-որ գործակալությունների և որևէ իրավասություն չունեցող գործընկերների կողմից տրամադրված փաստերը և տեղեկատվությունները: Այս ամենով ՀՖՖ-ն խախտել է մեր Ակումբի անմեղության կանխավարկածը, որի հետևանքով կարող է տուժել մեր Ակումբի բարի համբավը և հեղինակությունը:
Ֆուտբոլասեր հասարակության դատին ենք հանձնում և ցանկանում ենք նրանց ուշադրությունը հրավիրել առաջնությունում մեր գրանցած արդյունքների վրա՝ «Լոկոմոտիվ» ՖԱ-ը 2019-2020թթ. անցկացրել է 26 խաղ , տարել է 21 հաղթանակ , գրանցել 4 ոչ-ոքի , որից 2-ը՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնող ակումբների հետ և կրել է մեկ տեխնիկական պարտություն: Առաջնությունում խփել է 69 գոլ, բաց թողել՝ 23-ը :
Այս ամենի շնորհիվ մեր Ակումբը գլխավորում է ՀՀ Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնության մրցաշարային աղյուսակը և դրանով շատ մոտ է իր թիվ 1 նպատակին՝ որն է ՀՀ Բարձրագույն խմբում պատվով հանդես գալը:
Այսպիսով կոչ ենք անում ՀՖՖ-ին , ինչպես նաև ՀՖՖ-ի հայտարարությունը տարածած բոլոր լրատվամիջոցներին պահպանել անմեղության կանխավարկածը և զերծ մնալ «Լոկոմոտիվ» ՖԱ-ի անունը անտեղի և անհիմն շահարկելուց , նրա հեղինակությունը չփորձել նսեմացնել կեղծ և չհաստատված մեղադրանքներով՝ հետագայում պատասխանատվությունից զերծ մնալու համար:
Այս փուլում ամփոփելով մեր խոսքը , ոչ իրավաչափ ենք համարում մեր Ակումբի՝ ՀՖՖ անդամությունը կասեցնելու գործընթացը, քանի որ տեղի է ունեցել փաստերի միակողմանի ներկայացում գործկոմի անդամներին և առանց մեր Ակումբին տեղեկացնելու ու հակափաստարկներ լսելու կայացվել է երկու միաձայն որոշում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել