Հիմբաները քոչվոր ցեղ են, որոնք ապրում են Նամբիայում: Ցեղի անդամների թիվը 20,000-50,000 է: Հիմբաները Նամբիա են գաղթել արևելյան Աֆրիկայից մի քանի հարյուր տարի առաջ:

Հիմբաները զբաղվում են բացառապես անասնաբուծությամբ, մասնավորապես՝ այծերի և ոչխարների բուծմամբ: Ապրում են անապատում, որտեղ ջուրը շատ քիչ է, հետևաբար այն հարկավոր է խնայողաբար օգտագործել: Անապատում ապրելու պայմաններում պետք է ընտրել՝ ինչի համար օգտագործել ջուրը՝ լվացվելու՞, լողանալու՞, թե՞ խմելու, ուտելիք պատրաստելու, կենդանիներին խմեցնելու: Ընտրությունը հիմբաների մոտ չափազանց բարդ է:

Հենց այդ պատճառով էլ ցեղի ներկայացուցիչները չեն լվացվում ու լողանում, սակայն դա չի նշանակում, որ նրանց վրայից տհաճ հոտ է գալիս: Նրանք ունեն մաքրվելու իրենց յուրահատուկ միջոցները, որոնք չեն պահանջում ջրի կիրառում:

Այսպես, Հիմբա ցեղի ներկայացուցիչները լողանում են կեղտով, սակայն ինչպե՞ս է դա հնարավոր: Բանն այն է, որ կեղտը, որի մասին գնում է խոսքը, յուրահատուկ «բաղադրություն» ունի: Այն հրաբխային կավի, խոտերի և բուրավետ յուղերի խառնուրդ է: Այդ խառնուրդը արոմատիզացնում է մաշկը, պաշտպանում արտաքին կեղտից և հետաքրքիր կարմրավունգ երանգ տալիս դրան:

Մաքուր, առողջ և գեղեցիկ մնալու համար Հիմբա ցեղի կանայք ընդունում են հատուկ «ծխե լոգանք»: Ծուխը ստանում են ածխից, որը վառելիս կանայք սկսում են ուժգին քրտնել: Առավել լավ արդյունք ստանալու համար ընթացքում ծածկվում են ծածկոցներով: Ծխե լոգանքի ժամանակ այնպիսի քրտնարտադրություն է սկսվում, որ մաշկից դուրս է գալիս ողջ կեղտը, այն մաքրվում է և բուրավետ խոտերի հոտը ստանում:

Կանայք նաև օքրայից և բուսայուղերից հատուկ խառնուրդ են պատրաստում և քսում մաշկին օրվա ընթացքում երկու անգամ: Այն օգնում է պաշտպանել մաշկը արևից և միջատներից, պահպանում է մաքրությունն ու խոնավությունը, խոչընդոտում է մազերի աճին:

Մազերը, որպես կանոն, կավով են պատում և երկար հյուսեր անում՝ դրանք փոշուց, արևից և ավազից պաշտպանելու համար: Սակայն Հիմբա ցեղի կանայք նաև այլ եղանակներով են հարդարում վարսերը՝ կախված տարիքից և սոցիալակն դիրքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել