Hraparak.am-ը գրում է․

Նախօրեին հարյուրից ավելի արվեստագետներ, քաղաքացիներ հանդես եկան բաց նամակով՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքապետ Հայկ Մարությանին։ Այն 4 կետից բաղկացած պահանջ է՝ անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները։ Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը։ Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երեւանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ։ Ինչպես նաեւ բաց մրցույթ հայտարարել եւ ընտրել Ֆիրդուսի թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ․

«Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենեւին պարտադիր չէ այն անպայման Երեւանի կենտրոնում իրագործել, առավել եւս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման եւ բազմաթիվ ընտանիքների ունեզրկման գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երեւույթը՝ Երեւանի անձնագրի հերթական էջը պոկել եւ սոսնձել նոր էջ՝ թամանյանական Երեւանի վրա իշխող, ճնշող, մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով: Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող եւ սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց եւ կազմակերպությունների, իրականում մասնիկների տրոհված նույն «Գլենդել Հիլզի» դերակատարումը»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանը եւս ստորագրել է այս հայտարարության տակ։  Հեքեքյանը չի հավատում հուշարձանները տեղափոխելու եւ նորից դրանք վերականգնելու խոստումներին, որի մասին, ի դեպ, նշել էր նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ «Այն, որ ասում են՝ կապամոնտաժենք, կտեղափոխենք, դա սուտ է, իսկ սուտը դարձել է նորմ, ապրելաձեւ։ Թող մի հատ հուշարձան ցույց տան, որը տեղափոխել են, քաղաքի գլխավոր պողոտայում պետք է հավաքվեին բոլոր քանդված, ապամոնտաժված հուշարձանները, դե թող դրանցից մեկը հավաքեին։ Այդ տեղափոխված քարերի նույնիսկ 30 տոկոսը չի մնացել, ես գնացել տեսել եմ, ոնց որ աղբակույտ լցված լինի, ու դա որպես շինանյութ է ներկայացվում։ Իսկ այդ ընթացքում քաղաքի գլխավոր պողոտայում՝ Բուզանդ-Արամ հատման կետում, արդեն կառուցում են եւ առայսօր՝ ապօրինի։ Իսկ Արմեն Աբրոյանին, ով այդ ապօրինությունները ցույց էր տալիս, վերջը Ավինյանով, նախարարով հանեցին, քանի որ իրենց խանգարում էր։
Ո՞նց կարող է մարդն իր պատմական անցյալը բռնի ու ջնջի, դա ուղղակի սադիզմ է»,- ասում է Տ․ Հեքեքյանն ու նշում, որ մարդիկ գնում են Վենետիկ, Հռոմ, Պրահա, որովհետեւ այնտեղ ոչ միայն այդ շենքերն են պահպանվել, այլ նաեւ միջավայրը։  

Թե՛ Արամի 23-ի, թե՛ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի դեպքում իրականացվող աշխատանքներն ապօրինի են, իսկ մարդկանց բողոքի ձայնը՝ ոչ լսելի․ «Ավելին ասեմ, նրանք մեր կողքի հարեւանուհուն, որը մնացել է անտուն, ասել են՝ շատ մի խոսա, դուք ոչինչ անել չեք կարող, եթե ասենք՝ գնա, պիտի գնաս, էսքան ժամանակ է անցել, ու հիմա ոչ մեկին չի հետաքրքրում ո՛չ դու, ո՛չ Արամի 23-ը․․․։ Իրանք ժամանակի վրա խաղացին, 2 տարի անցավ, ու Արամի 23-ը ոնց խոնարհված, քանդված կար, այդպես էլ մնացել է։ Ու փաստաթղթային ձգձգումներով այնքան են տանում-բերում, հույս ունենալով, որ մի օր շենքը վերջնականապես կքանդվի, բայց շենքն ամուր կանգնած է դեռ։ Իսկ այստեղ մի ամբողջ թիմ է աշխատում՝ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ, եւ այնքան են ձգելու, մինչեւ շենքն իրեն-իրեն քանդվի։ Դա մի մաֆիա է, հանցագործների խումբ, որոնցից շատերը դեռ խորհրդային տարիներից են գալիս՝ արմատներն այս հողի մեջ գցած, ում ուզում ես, փոխի, իրենց գործն անելու են, որովհետեւ մեծ գումարներ են ներդրված։ Եթե ես չլինեի Արամի 23-ի սեփականատերը, այս հարցը վաղուց կլուծվեր, ու ես ինչքան էլ համառ եմ, բայց մեկ է՝ չեմ կարողանում։ Եկել հասել է նրան, որ նախարարի, փոխնախարարի, գլխավոր ճարտարապետի, փոխվարչապետի մակարդակով սարդոստայն են հյուսում։ Ու ամենահետաքրքիրը՝ որ իրենք իրենց ստոր վարքագիծը փորձում են շուռ տալ մեր դեմ ու ասում են՝ դուք եք մեղավոր։ Վերջին նամակում գրել են՝ հրաժարվո՞ւմ եք, որ մենք էլ գրենք՝ այո, բայց ինչի՞ց հրաժարվենք, իրենք իսկ նախագիծը ներկայացրել են եւ իրենք էլ չեն ուզում այդ նախագծով անել՝ պատճառաբանելով բյուջեի սղությունը, ու թե՝ եկեք նախագիծը մասամբ անենք, ամրակայենք դիմացի պատը, իսկ գիտե՞ք ինչու են շտապում դա անել, քանի որ փոսորակն ապօրինի են փորել եւ ուզում են գործն արագ անել, փողերը ստանան ու գնան»։

Հեքեքյանն ընդգծում է՝ նյութապաշտ ժողովուրդը միշտ ունենալու է այսպիսի իշխանություն, ապա, անդրադառնալով քաղաքի գլխավոր ճարտարապետի հայտարարությանը, որ քաղաքաշինությունը բիզնես է, բիզնեսը՝ քաղաքաշինություն, հավելում է․ «Վերջ, այստեղ կարող եք վերջակետը դնել, ամբողջ աշխարհում ճարտարապետությունը, քաղաքաշինությունն արվեստ են, մեզ մոտ՝ բիզնես։ Երբ Ստալինգրադը հիմնահատակ քանդվեց, կանչեցին Կարո Հալաբյանին եւ հանձնարարեցին Ստալինգրադի հատակագիծն անել, Կ․ Հալաբյանն այսօրվա Վոլգոգրադի հատակագծի հեղինակն է, ինչպես Թամանյանը՝ Երեւանի, իսկ Թամանյանի հեղինակած նախագծից ի՞նչ է մնացել, ինչ կարողացան, փչացրեցին, վերեւից Օղակաձեւ այգին նայում ես ու մի քանի հատ թուփ ես տեսնում ընդամենը։ Մեսչյանի նման նյութապաշտ ճարտարապետների դեմքն է այսօրվա մեր քաղաքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել