168.am-ը գրում է․

Միտումնավո՞ր, թե՞ թյուրիմացաբար՝ Նիկոլ Փաշինյանը կրկին խեղաթյուրում է փաստերը։ Փորձելով արդարացնել համավարակի տարածման պայմաններում տնտեսությունը վերաբացելու և կրկին չփակելու կառավարության քայլերը՝ վարչապետը հրապարակել է աշխատատեղերի վերաբերյալ մի շարք ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, հեռու են իրականությունից։

Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, կապ չունի փակված աշխատատեղերի հետ։

«Մարտից մենք կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք և ապրիլին ամբողջությամբ անցկացրեցինք արգելափակման տրամաբանության մեջ, և ամենակարևոր պրոբլեմը, որ այդ ընթացքում ունեցանք, կապված էր մեր տնտեսության հետ: Տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է և, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ  ՀՀ-ում փակվել է 71,471 աշխատատեղ: Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ եկանք եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլև տնտեսական փլուզում, ու որոշեցինք գնալ այսպիսի ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում,- իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հունիսի 22-ին այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մոտեցումն արդարացրել է իրեն,- ամեն ամսվա 20-ին ՊԵԿ են ներկայացվում նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունները: Այսօր առավոտվանից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա։ Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոք-դաունի քաղաքականությունը չշարունակել, 50,094 աշխատատեղ վերականգնվեց, ընդ որում՝ ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին»։

Նիկոլ Փաշինյանի հրապարակած այս թվերն իրականում կապ չունեն փակված աշխատատեղերի հետ։ Իրականում ապրիլին Հայաստանում ոչ թե 71 հազար 471, այլ շուրջ 12 հազար աշխատատեղ է փակվել։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել էր նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ Մնացածը ոչ թե փակված, այլ չվճարված աշխատատեղերն են։

«4 ամսվա տվյալներով՝ շուրջ 12 հազար աշխատակից ազատվել է աշխատանքից, այսինքն՝ աշխատատեղերի քանակն այդքանով պակասել է։ Բայց մի քիչ ավելի մեծ տոկոս է կազմում այն աշխատատեղերի քանակը, որոնք պահպանվել են, բայց վարձատրությունը չի հաշվարկվել։ Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի՝ համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- նշել էր Արթուր Մանուկյանը։

Այնպես որ, վարչապետի հայտարարած 71 հազար 471 «փակված» աշխատատեղերի մի մասն իրականում փակված չի եղել։ Այդ աշխատատեղերն ապրիլին եղել են, բայց մարդիկ աշխատավարձ չեն ստացել։ Այսինքն՝ հարկային մարմիններին՝ վճարված աշխատավարձի գծով, զրոյական հաշվետվություններ են ներկայացվել, որովհետև մարդիկ գտնվել են հարկադիր պարապուրդում։

Դա աշխատատեղի փակում չէ։ Դա հարկադիր չվճարված պարապուրդ է, որը ոչ մի կապ չունի փակված աշխատատեղի հետ, և պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ դնել՝ արդարացնելու կառավարության քայլերը։

Խոսքն այդպիսի շուրջ 60 հազար աշխատատեղի մասին է։ Այդքան մարդ ապրիլին աշխատավարձ չի ստացել, բայց չի էլ կորցրել աշխատատեղը։

Չաշխատած ժամանակահատվածի համար աշխատավարձ չվճարելը դեռ չի նշանակում, թե այդ աշխատատեղերը փակվել են։ Դրանք եղել են պարապուրդում գտնվող աշխատատեղեր։

Այլ բան է ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարած շուրջ 12 հազար աշխատատեղի պարագան։ Այս դեպքում իսկապես գործ ունենք փակված աշխատատեղերի հետ։ Շուրջ 12 հազար մարդ ապրիլին ազատվել է աշխատանքից։ Այսինքն՝ կորցրել է իր աշխատանքը։ Սա է աշխատատեղի փակումը։

Ու հիմա, երբ վարչապետը խոսում է, մայիսի տվյալներով՝ 50 հազար 94 աշխատատեղի վերականգնման մասին, ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը։ Դրանք հիմնականում այն աշխատատեղերն են, որոնք ապրիլին՝ կիրառված սահմանափակումների հետևանքով, գտնվել են անաշխատ վիճակում։ Տնտեսության վերաբացումից հետո՝ ապրիլին, չվարձատրվող պարապուրդում գտնվող աշխատողների մի մասը, ոչ ամբողջությամբ, բայց վերադարձել է աշխատանքի, ինչը միանգամայն բնական է։

Դատելով վարչապետի հարապարակած թվերից՝ նրանցից առնվազն 9 հազարն այնուհանդերձ մայիսին շարունակել է գտնվել չվճարվող պարապուրդում, կամ, որ կարող է ավելի վատ լինել, համալրել է այն 12 հազար քաղաքացիների շարքերը, որոնք ապրիլին կորցրել էին իրենց աշխատանքը։

Ստացվում է, որ տնտեսության վերաբացումից հետո կամ ապրիլ-մայիսին Հայաստանի աշխատաշուկան զրկվել է ավելի քան 21 հազար աշխատատեղից. շուրջ 12 հազարը փակվել է ապրիլին, ևս 9 հազարը չի բացվել մայիսին։

Ճշմարտությունն ահա սա է, որը Նիկոլ Փաշինյանը չի ուզում ասել։ Փոխարենը՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե «գահավիժումից» հետո տնտեսությունը վերաբացելու կառավարության որոշումը տվել է իր արդյունքը։

Տնտեսության համար այդ որոշումը գուցե և ճիշտ էր, բայց չպետք է մոռանալ, որ նաև դրա հետևանք է, որ համավարակն այսօր անարգել մոլեգնում է Հայաստանում, որ վտանգվել է տասնյակ-հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը, որ ունեցել ենք հարյուրավոր մահեր։

Աշխատատեղերի մասին խոսելիս՝ լավ կլիներ, որպեսզի վարչապետն անդրադառնար նաև գործազրկության ցուցանիշներին։ Գործազուրկների թիվն այս տարի Հայաստանում էապես ավելացել է։ Տասնյակ-հազարավոր քաղաքացիներ զրկվել են արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից և համալրել են գործազուրկների շարքերը։ Կառավարությունն ամիսներ շարունակ այս մարդկանց կերակրում է դատարկ խոստումներով՝ առ այն, որ, իբրև թե նրանք կկարողանան տեղավորվել ներսում իրականացվող շինարարական աշխատանքներում՝ լավ իմանալով, որ դա չի կարող հարցի լուծում լինել։

Չնայած առանց նրանց ու առանց համավարակի էլ Հայաստանում գործազրկության մակարդակը շատ բարձր էր։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա վերջի դրությամբ, մեր երկրում գրանցված էր ավելի քան 202 հազար գործազուրկ։

Այս տարվա, առավել ևս՝ համավարակի շրջանին վերաբերող տվյալները դեռ չեն հրապարակվել։ Բայց միանշանակ է, որ արձանագրելու ենք գործազրկության բավական կտրուկ շեղում՝ իրավիճակի վատացման ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել