Բժշկական դիմակների ոդիսականը և առողջապահության նախարարի պատասխանատվությունը

2020թ․ մարտի 4-ին նամակ եմ ստանում Իրանի կառավարության ներկայացուցչից, ում հետ տևական ժամանակ լավ հարաբերություններ են ձևավորվել։ Դա այն ժամանակ էր, երբ Իրանում մոլեգնում էր Covid-19-ը, իսկ Հայաստանում դեռ 2-3 հաստատված վարակակիր կար։

Իրանցի պաշտոնյան հետևյալ նամակն է գրում ինձ․ «Անհրաժեշտ են N95 ֆիլտրացվող դիմակներ։ Սովորական բժշկական դիմակներ մեզ մոտ արտադրվում են, պետք են N95-երը։ Անհրաժեշտությունը ինչքան կպատահի, խիստ անհրաժեշտ է։ Այստեղ կարևորը գինն է։ Խնդրում եմ օգտագործեք Ձեր կապերը ՌԴ-ում, Թուրքիայում և Ֆրանսիայում»։

Նույն օրերին խոսում եմ Չինաստանի կենտրոնական կառավարական խորհրդի իմ վաղեմի մտերիմ պաշտոնյայի հետ, ով տարիներ առաջ աշխատել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունում։ Ասում է՝ իրենք կարողացան կանգնեցնել Covid-19-ը՝ համատարած կիրառելով դիմակներ։

2020թ․ մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է․ «Դիմակները շնչելիս վիրուսից չեն պաշտպանում: Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը։ Սովորական բժշկական դիմակ կրելու իմաստ չկա, եթե վարակակիր կամ բուժաշխատող չես»։

2020թ․ ապրիլի 15-ին նույն Արսեն Թորոսյանը ԱԺ-ում հայտարարել է․ «Ես համարում եմ, որ մենք կարողացել ենք պատշաճ գնահատել աշխարհում տիրող իրավիճակը` կորոնավիրուսով պայմանավորված՝ բավական արդյունավետ գնահատելով ԱՀԿ-ի հետ աշխատանքները»:

2020թ․ հունիսի 26-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրուցելիս հայտարարել է․ «Նոր հիվանդության հետ կուտակվում է նոր գիտելիք, նոր ապացուցողական բազա։ ․․․ Հիմա աստիճանաբար ապացուցողական բազան զարգանում է այն ուղղությամբ, որ ավելի շատ օդակաթիլային ճանապարհով է վիրուսը հասնում զոհին՝ չակերտավոր, և դրա համար է դիմակների դերը շեշտակիորեն բարձրացել։ Եվ հետևաբար ընդունել որոշումներ, որոնց համար չկա հիմք, ես կարծում եմ, ավելի վատ է»։

Փաստորեն հունիսի 26-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարում է, թե մինչև հունիսի 3-ը, երբ պահանջ դրվեց համատարած դիմակ կրել ՀՀ-ում, ինքը հետևել է այլ երկրների փորձին ու մասնագիտական ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։ Դա այն դեպքում, երբ ես, լինելով լրագրող, դեռևս մարտի սկզբին ունեի հավաստի տեղեկություն, որ առնվազն Չինաստանում և Իրանում համատարած դիմակ կրելով են հաղթահարում Covid-ը։ Արդյո՞ք կառավարության ներկայացուցիչը չուներ այդպիսի տեղեկություն ստանալու հնարավորություն, վստահ եմ, ուներ։ Իսկ ինչո՞ւ չի ստացել այդ տեղեկությունը, թե՞ ստացել է, բայց իր անձնական մոտեցումը դիմակների մասին համարել է առավել հիմնավոր, քան զարգացած և կայացած երկրների՝ Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ երկրների փորձը։

Հունիսի 11-ի նույն հայտարարության մեջ Արսեն Թորոսյանը ասել է․ «․․․Խորհուրդներ տալիս իմ գործընկերներին, կառավարության մյուս անդամներին, վարչապետին, հետեւում եմ այլ երկրների սխալներին»:

Արդյո՞ք առողջապահական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն այլ երկրների փորձը փոխանցել է վարչապետին, թե՞ որպես բժիշկ՝ համոզել է, որ դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, թեյ ու սուրճ խմելով կարելի է հաղթահարել։ Վարչապետը բժիշկ չէ և կարող էր մոլորության մեջ ընկնել։

Օրերս Արսեն Թորոսյանը հայտարարել է․ «Եթե կարծում եք, որ ես ինչ-որ բանում սխալվել եմ, ներողություն եմ խնդրում»։ Ներողություն պետք է խնդրել այն բազմաթիվ հայաստանցիներից, որոնց ավելի քան 400 հարազատները մահացան՝ լսելով առողջապահության նախարարի հավաստիացումները, թե դիմակներն անօգուտ են։ Ներողություն պետք է խնդրել ավելի քան 10,000 հիվանդներից, որոնց առողջության ճակատագիրը դեռ անհայտ է։

Կարծում եմ՝ Առողջապահության նախարարի սխալների հետևանքների ու ներողության մասին պետք է խոսել դատարանում՝ կառավարության ղեկավարին ու հասարակությանը մոլորության մեջ գցելու համար, իսկ մինչև այդ՝ Արսեն Թորոսյանը պետք է փոխարինվի համաշխարհային փորձին գործով, ոչ թե խոսքով հետևող նախարարով։ Միայն այդ դեպքում հասարակությունը լուրջ կվերաբերվի համակարգի պատասխանատուների հորդորներին, իսկ կառավարությունն ու պարետատունը կանեն իրականում պլանավորված ու թիրախավորված քայլեր։ Զրուցում եմ շատերի հետ․ նույնիսկ իշխանության ներկայացուցիչ պաշտոնյաներն ու պատգամավորները լուրջ չեն վերաբերվում առողջապահության նախարարի խոսքերին, հանրությունը ինչպե՞ս կարող է լուրջ վերաբերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել