News.am-ը գրում է․

Մարդիկ գրում են՝ 30 արծաթ ենք վերցրել, ումի՞ց ենք վերցրել. կարո՞ղ է ձեր ամբողջ կյանքն ու կենսագրությունը 30 արծաթով ենք անցկացրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ԼՀԿ-ի դեմ ուղղված քննադատություններին:

«Բոլոր գրառումները, այդ թվում Միքայել Մինասյանի գրառումը, բոլոր հարցազրույցները տարբեր հեռուստաընկերություններով, ուղղորդվում են մեր նկատմամբ հասցեագրված վիրավորանքներով: Նաեւ Մինասյանի գրառման մեջ կա վիրավորանք իմ հասցեին ուղղված: Հիմա չթվարկեմ, ինքն էլ է վիրավորել, Միհրան Հակոբյանն էլ, Արման Սաղաթելյանն էլ: Բոլորը:

Ես եւ մեր թիմից որեւէ մեկը, ունենալով պետական մտածողություն, հարգելով պետական ինստիտուտները, հարգելով յուրաքանչյուրի ընտանիքը, երբեք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ նրա ընտանիքի վերաբերյալ որեւէ վիրավորական խոսք չենք ասել, երբեք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ վիրավորական խոսք չենք ասել: Երբեք Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ որեւէ վիրավորական խոսք չենք ասել:

Հիմա ուզում եմ ասել՝ այսօր վերջնաժամկետն է, եթե այդ արշավը հենց հիմա չդադարեց, բնականաբար, այն ունենալու է իր հետեւանքները: Որեւէ մեկին վիրավորած չկանք, ոչ էլ ընտանիքներ մտնելու, վիրավորելու, ոչ մեկի ոչ աղջկան, ոչ տղային, ոչ փեսային, ոչ հորը, ոչ մորը, ոչ տատին, ոչ էլ պապին: Այնպես չի, որ այդ արշավը մեզ վնասում է: Ով ինչ ասում է, իրեն է հայհոյում»,-հայտարարեց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ այսօր իրենց դեմ կոմպրոմատնե են հավաքում. «Այսօր էլ մեր դեմ կոմպրոմատ է հավաքվում, 24 ժամ այսօր մեզ արտաքին ու ներքին դիտում են անում, մեր հեռախոսները լսում են, իմ, Տարոն Սիմոնյանի, Դավիթ Խաժակյանի, Մանե Թանդիլյանի: Չկա մեր մեջ մի մարդ, որի հետ կապված կոմպրոմատներ չեն հավաքվում։

Մարուքյանը խոստացավ, որ երբ իրենք լինեն իշխանություն, ոչ մեկի վրա կոմպրոմատ չեն հավաքելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել