«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը Դավիթ Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել ու լծվել է մաքսային ոլորտը սեփական կադրերով համալրելու ու անցանկալիներին հեռացնելու գործին։ Եթե մինչ այդ Անանյանը փոքրիշատե զսպում էր նրան, ապա հիմա տիկին Ներսիսյանն ավելի ազատ է կադրային փոփոխություններ անելու հարցում։

Մեզ ասացին, որ օրերս նա «Զվարթնոց» օդանավակայանի կամ Արեւմտյան մաքսատան-վարչության ուղեւորների հսկողության բաժնի բաժանմունքի պետերին, որոնց նախկինում հերթափոխի պետ էին կոչում, ասել է՝ դիմում գրեք, ազատվեք աշխատանքից։ Մեզ ասացին, որ նա այս պաշտոններում մտադիր է իր մտերիմներին նշանակել, այդ թվում՝ իր ընկերուհիներից մեկին, որը հայտնի չէ, թե ինչպես է գլուխ հանելու տղամարդուն հատուկ այս ծանր աշխատանքից։

Թեպետ, եթե նա բանկից եկավ ՊԵԿ ու մի ամբողջ մաքսային ոլորտ ղեկավարեց, ընկերուհիներն էլ կկարողանան ուղեւորահոսքն «արդյունավետ» կազմակերպել։ Երեկ մենք փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Շուշանիկ Ներսիսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ ՊԵԿ լրատվականից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ մի դիմում չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել