Հայաստանի վարչապետի հակակրանքը ԲՀԿ առաջնորդի նկատմամբ ունի երկու պատճառ՝ աշխարհաքաղաքական և անձնական։

Անձնականի մասին շատ կարճ՝ նախանձը և չարությունը։ Նիկոլ Փաշինյանը գրեթե առաջնորդվում է նույն սցենարով, ինչպես ժամանակին Մայդանի միջոցով Ուկրաինայում իշխանության եկած արևմտամետ ուժերը, որոնք 2014 թ․-ին Կիևում իշխանությունը «ժողովրդական հեղափոխության» քողի տակ զավթելուց հետո շատ արագ արգելեցին Ուկրաինայի կոմունիստական կուսակցության գործունեությունը երկրի ողջ տարածքում, իսկ Ռեգիոնների կուսակցության գործունեությունը՝ հանրապետության տարբեր շրջաններում։ Այդ կուսակցությունների գործունեության արգելքը պատահական չէր. նրանք երբևէ չեն թաքցրել իրենց ռուսամետ կողմնորոշումը և սերտ կապերը Կրեմլի հետ։

Կիևում իշխանության եկած ուժերը, որոնց մեջ բավական ծանրակշիռ դեր ունեին տարատեսակ աղանդավորական եկեղեցիների ներկայացուցիչները և Ջորջ Սորոսի գրասենյակի բազմաթիվ հաճախորդները, շատ արագ հաշվեհարդար տեսան ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի հետ, որոնց մեղադրեցին հակապետական գործունեության և 5-րդ շարասյուն լինելու մեջ։

Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժերի նկատմամբ ագրեսիան սկսվեց ավելի ուշ, որովհետև Փաշինյանը չէր կարող Մոսկվայի դեմ գործել բացահայտ, ինչպես իր ուկրաինացի կոլեգաները 2014 թ․-ի սկզբին, քանի որ Հայաստանում տեղաբաշխված է 102-րդ ռուսական ռազմաբազան, Հայաստանն ունի Արցախյան հիմնախնդիր, և Հայաստանում բավական ուժեղ էր ռուսամետ կողմորոշումը։ Սակայն այս երկու տարիների ընթացքում Փաշինյանին իշխանության բերած և սատարող ուժերը, նախ, բավականաչափ աշխատանք են տարել հակառուսական տրամադրությունները գեներացնելու ուղղությամբ՝ Հայաստանի բոլոր դժբախտություններում տեսնելով Կրեմլի ձեռքը, իսկ երկրորդն էլ՝ որքան հասկանում եմ, այդ նույն ուժերը Նիկոլին ժամանակ են տվել՝ շատ կարճ ժամանակահատվածում հաշվեհարդար տեսնելու մոսկվամետ քաղաքական գործիչների և նրանց կողմից հովանավորվող քաղաքական ուժերի նկատմամբ։

Ռուսամետ ԲՀԿ-ն (ԲՀԿ-ն ՌԴ նախագահ Պուտինի հարազատ «Միասնական Ռուսաստան» կուսակցության հայաստանյան գործընկերն է), այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո հայաստանյան քաղաքական դաշտում միակ ազդեցիկ ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժն է, որը ներկայություն ունի նաև ԱԺ-ում։ Դա ձեռնտու չէ արևմտամետ Նիկոլին և նրա հովանավորներին, որոնք հիմա էլ ինչ-որ տարաբնույթ շինծու քրեական գործերով փորձում են նախ՝ դուրս մղել ԲՀԿ առաջնորդ, մեծհարուստ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից, որի արդյունքում առանց Ծառուկյանի գումարների ԲՀԿ-ն կկազմաքանդվի, և երկրորդը՝ Նիկոլի նման ագահ մարդը ցանկանում է տիրանալ Ծառուկյանի հարստությանը։ Այսպիսով, քաղաքական դաշտը կմաքրվի ռուսամետ ազդեցիկ գործչից և նրա ղեկավարած կուսակցությունից, որի փոխարեն չի բացառվում, որ Ծառուկյանից խլած գումարներով Փաշինյանն ու իր թիկունքում կանգնած ուժերը կձևավորեն իրենց համար ցանկալի և վերահսկելի ինչ-որ ընդդիմադիր ուժ, որը հետագայում կհայտնվի ԱԺ-ում՝ դառնալով Փաշինյանին սպասարկող հերթական «ընդդիմադիր» ուժը։

Այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ընտրել է «ուկրաինական սցենարը», վկայում է նաև այն փաստը, որ Ծառուկյանին ձերբակալելու պատվերը իջեցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը նաև սպառնաց փակել ԲՀԿ-ն։ Դա պատահական հայտարարություն չէր և նպատակ ունի ստուգելու թե՛ ԲՀԿ-ականների, թե՛ հասարակության տրամադրությունները և արձագանքը այդ հարցի վերաբերյալ։

Ի դեպ, Նիկոլի այդ ելույթից հետո յուրահատուկ ակտիվացել են արևմտամետ քաղաքագետները, վերլուծաբանները, ինչպես նաև իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ները, որոնք ԲՀԿ-ի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մեջ մեղադրում են Հայաստանում գործող «ռուսական 5-րդ շարասյանը» և Կրեմլի լրտեսներին, ինչն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանում հերթական հակառուսական հիստերիա բարձրացնելու մեջ և կրկնօրինակում է 2014 թ․-ի սկզբին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները։

Ամեն դեպքում ծիծաղելի է Հայաստանում գործող «ռուսական 5-րդ շարասյան» և Կրեմլի լրտեսների մասին լսել գործիք-գործիչներից, որոնք իրենք են բացահայտ լրտեսներ և ծառայում են Արևմուտքի տարբեր երկրներին՝ սպասարկելով նրանց շահերը Հայաստանում և արևմուտքից հովանավորվող տարատեսակ և շատ դեպքերում մեզ համար անհասկանալի ՀԿ-ների կողմից, որոնք գործում են Հայ Առաքելական եկեղեցու, մեզ համար կարևորագույն ինստիտուտների՝ ընտանիքի, դպրոցի, բարձրագույն կրթության և այլնի դեմ՝ կազմաքանդելով դրանք։

Արդեն համոզված եմ, և իշխանություններն էլ դա ապացուցում են իրենց քայլերով, որ 2018 թ․-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր, որի հեղինակները Հայաստանում գործում են գրեթե նույն սցենարով, ինչ ժամանակին Վրաստանում, Սերբիայում, Ղրղզստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։

Հ.Գ. Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին խաղից հանելու և ԲՀԿ-ն կազմաքանդելու մասին առաջին անգամ բարձրաձայնել եմ դեռ մեկ տարի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել