Ամերիկացի Արթուր Գերկեն յուրօրինակ սովորություն ուներ. նա յուրաքանչյուր նոյեմբերին քուն էր մտնում արջի նման և արթնանում միայն հաջորդ տարվա ապրիլին:

Քնած մարդը մամուլի հերոս դարձավ 1935 թ. սեպտեմբերին: Նրա մասին հոդվածը հրապարակել էր Վիսկոնյան պետական ամսագիրը, որից հետո Արթուրի պատմությունը մեծ տարածում գտավ ողջ աշխարհում:

Լրագրողներին նա հետևյալ բացատրությունն էր տվել. «Ես քնում եմ և չեմ հանդիպում տհաճությունների: Իհարկե, կարոտում եմ զվարճանքները, սակայն ավելի կարևոր է այն, որ չեմ կարոտում մի շարք տհաճ երևույթներ: Եթե բոլոր մարդիկ քնեին ողջ ձմռան ընթացքում, ապա աշխարհում ամեն ինչ շատ ավելի պարզ ու խաղաղ կլիներ»:

Հոգեբանը բացատրել է, որ Գերկեն տառապել է նևրոզով: Նա ունեցել է լյարդի հիվանդություն և շատ անհանգստացել այդ պատճառով: Հերկեն ի սրտե հավատում էր, որ քնած ժամանակ իր առողջությունը վերականգնվում է: Բացառված չէ, որ նա իրավացի էր, քանի որ լյարդը վերականգնվելու հետաքրքիր հատկություն ունի: Այդ օրգանին պարզապես հարկավոր է հանգստանալ ալկոհոլից և յուղոտ սննդից:

Արթուրը բիզնեսմեն էր, և որքան էլ որ տարօրինակ է, նրա բիզնեսը չէր տուժում իր արտասովոր սովորության պատճառով: Նա Turkey’s Roost բարի սեփականատերն էր: Քնի ժամանակ նրան փոխարինում էր սեզոնային բարմենը: Իսկ հայտնիությունը, որը Քնած մարդը ստացավ իր մասին հոդվածի հրապարակումից հետո, ավելի մեծ եկամուտ բերեց նրա բարին:

Հետաքրքրական է, որ Քնած մարդու ֆենոմենը գիտնականները կարողացել են բացատրել միայն վերջերս: Նյարդաբանները պարզել են, որ մարդկանց գենետիկան հնարավորություն է տալիս երկար քուն մտնելու: Մարդու գլխում կա նման «անջատիչ», որը ճիշտ ակտիվացնելու դեպքում մարդը երկարատև քնի մեջ է հայտնվում:

Նման դեպքերում մարդու մարմնի ջերմաստիճանը նվազում է, դանդաղում է նյութափոխանակությունը, և նա կարողանում է քնել առանց սնունդ պահանջելու: Այդ «անջատիչը» մարդն իր կամքով կառավարել չի կարող, սակայն թե դա ինչպես է հաջողվել արել Արթուրին, մինչ օրս հայտնի չէ:

Գիտնականներն այսօր ակտիվորեն ուսումնասիրում են մարդու այսպես կոչված արհեստական քնի հնարավորությունը: Դա կարևոր նշանակություն ունի տիեզերական ճանապարհորդությունների համար:

Իսկ Գերկեն մահացել է 59 տարեկան հասակում ոչ թե լյարդի հիվանդության պատճառով, այլ սուր սակավարյունության: Նա կյանքից հեռացել է իր երազած եղանակով՝ առանց տհաճությունների, քնի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել