Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները դարձան լակմուս՝ ճշտելու, թե ԱԺ-ում որ քաղաքական ուժերն են իրական և կեղծ ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանի հարազատ կուսակիցների կողմից ընդունված Սահմանադրությունում կատարված խայտառակ փոփոխությունը, որն ուղղակի պետական հեղաշրջում է նշանակում, պարտադրեց ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին բացել խաղաքարտերը։

ԲՀԿ-ն շատ արագ կողմնորոշվեց և հայտարարեց, որ այդ խայտառակ օրենքի վերաբերյալ դիմելու է ՍԴ, իսկ ԼՀԿ առաջնորդը, որին վերջերս ԱԺ նիստերի դահլիճում մի քանի ՔՊ-ական երեսփոխան ծեծեցին և ներողություն չխնդրեցին, երկար-բարակ մտածելուց հետո և, ենթադրաբար մտածելով, որ իրեն կմեղադրեն հակահեղափոխական լինելու մեջ, անատամ հայտարարությամբ է հանդես եկել և «բացահայտել», որ ընդդիմությունն այդ փոփոխության առումով չի կարող դիմել ՍԴ։ Դա այն դեպքում, երբ բազմաթիվ իրավաբաններ և իրավագետներ շատ մատչելի բացատրում են, որ ԱԺ պատգամավորների 1/5 ստորագրության դեպքում կարող են դիմել։ Խնդիրն այն է, որ ԼՀԿ առաջնորդը, որքան կարելի է կռահել, շինծու պատճառաբանությամբ չի ցանկանում միանալ ԲՀԿ-ի նախաձեռնությանը։

Դե ինչ։ Պատմությունը սիրում է կրկնվել։ Ժամանակին գործող իշխանություններին իր դեմ մահափորձ կազմակերպելու և այլ հանցագործությունների մեջ մեղադրող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հետո մեծ հաճույքով սկսեց համագործակցել իր «դահիճների» հետ, ինչն ուղղակի դարձավ Արթուր Բաղդասարյանի քաղաքական կարիերայի և իր հարազատ ՕԵԿ-ի վերջը։ Էդմոնը, ում ընդամենն օրեր առաջ ՔՊ-ականները ծեծեցին, մեղադրեցին սադրանքի և նախկինների հետ համագործակցելու մեջ, հիմա, երբ Նիկոլն իր թիմով թքած ունի օրենքների վրա, ինչ-որ շինծու պատճառաբանություններ է առաջ բերում՝ դրանով քարտ բլանշ տրամադրելով Նիկոլին, որ վերջինս Հայաստանում հաստատի ֆաշիստական դիկտատուրա։

Ժամեր անց կտեսնենք՝ Մարուքյանը կդառնա Բաղդասարյա՞ն, իսկ ԼՀԿ-ն էլ՝ ՕԵ՞Կ, թե՞, անձնականը մի կողմ դնելով, Էդմոնը կմիանա ԲՀԿ-ին և թույլ չի տա, որ Հայաստանում օրինականացվի պետական հեղաշրջումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել