ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում է «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 դատավորների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել