Միքայել Մինասյանն այսօր հայտարարեց, որ տարիներ շարունակ ֆինանսավորել է Փաշինյանի թերթը, որպեսզի վերջինս իր ընտանիքի մասին հերյուրանքներ չտարածի։ Ինձ համար սա մի քիչ անսպասելի հայտարարություն էր։ Փորձում եմ ինձ Մինասյանի տեղը դնել, հասկանալ, թե ինչու է նա տրվել այդ շանտաժին ու միակ պատասխանս, թերևս, հետևյալն է՝ որպեսզի ստիպված չլինի իր իսկ ասած փոքրիկ, լաչառ շան հաչոցը կտրելու համար կարևոր այլ բաներ ռիսկի տակ դնել, նախընտրել է ոսկոր շպրտել նրա առաջ։ Թուլափայ։ Որովհետև հակառակ պարագայում, հնարավոր է, պարզապես ստիպված պետք է լիներ մի կողմ դնել իր գործերը և իր դիրքին անհամապատասխան մի քայլ աներ՝ կոտրել Նիկոլի գլուխը։

Ի՞նչ կանեի ես նման իրավիճակում։ Վստահ չեմ ասում, բայց երևի թե նույնը։ Որովհետև շատ ափսոս կլիներ հետո գիտակցել, որ մի լաչառ շան պատճառով, օրինակ, Հռոմի Պապն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի սբ. Պատարահ չէր մատուցի կամ Սբ. Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ չէր ճանաչի։ Ինչևէ, դա է եղել Միքայել Մինասյանի այն ժամանակվա ընտրությունը։ Դա արդեն անցած-գնացած պատմություն է։

Ինձ համար առավել կարևորը դեսպանի այսօրվա ընտրությունն էր՝ խոստովանությունը։ Եվ այն փաստը, որ Միքայել Մինասյանն այսօր իրեն զգում է քավարանում։ Կարծում եմ՝ ամենքս ունենք այդ քավարանի միջով անցնելու կարիք։ Ու նաև անհրաժեշտություն։ Որովհետև, այո՛, ներս նայելու ու ճիշտ կողմնորոշվելու ժամանակն է։ Հենց հիմա։ Չկողմնորոշվեցինք՝ կործանված ենք։ Ազգովի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել