Hraparak.am-ը գրում է․

Այսօր մենք գրել էինք, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված  հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Տոնոյանը գործով դեռևս չունի կարգավիճակ, իսկ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։

«Հրապարակի» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է եղել, որ դատական ակտը չի կատարվում,ՊՆ-ից տվել են հետևյալ պարզաբանումը

«Պաշտպանության նախարարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերը իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։

Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ստիպված էր իրականացնել որոշակի ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։ Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես մեզ դեռ չի տեղեկացվել։ Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել