Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հաստաբուն ծառն ընկել է ընթացող, 41-ամյա Արման Ոսկանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև տապալված ծառին է բախվել 35-ամյա Նորայրիս Շագոյանի վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայով մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհաի երթևեկելի գոտուց, այնուհետև հոսանքազրկել Audi ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները Opel-ի միջից դուրս են բերել ուղևորներ, 10-ամյա Անահիտ, 5-ամյա Կարո Ոսկանյաններից, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Ոսկանյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կ. Ոսկանյանը բժիշկների կողմից ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ և քանի որ տեղում պարզվել է, որ դեպքը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ՝ արտակարգ դեպք, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել