Aysor.am-ը գրում է․

Ուղիղ 64 տարի առաջ հենց այս օրը Լենինականում լույս աշխարհ եկավ Յուրի Վարդանյանն, ով տասնամյակներ անց պետք է հայոց բազկի դյուցազնական ուժը դրսևորեր միջազգային ասպարեզում: Աշխարհի 43-ակի ռեկորդակիր, Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի՝ հնգակի, աշխարհի՝ յոթակի չեմպիոնի մարզական կարիերային, չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլորս ենք ծանոթ, քանի որ բազմիցս ենք առիթ ունեցել նրանով հպարտանալու:

Իսկ այն մասին, թե ինչպիսին էր տանը, ընտանիքում, ընկերական ու բարեկամական միջավայրում, ի՞նչ մտածմունքներ ու խնդիրներ ուներ, դրանք հաղթահարելու ի՞նչ ճանապարհներ էր փնտրում՝ Aysor.am-ը զրուցել է Յուրի Վարդանյանի քրոջ որդու՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, ԿԳՄՍ նախարարության մարզական կազմակերպությունների կապերի և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանի հետ:

- Պարոն Եղոյան, այսօր Ձեր քեռին՝ Յուրի Վարդանյանը, կդառնար 64 տարեկան: Նրա բացակայությամբ ինչպե՞ս եք նշում ծննդյան օրը, ի՞նչ պլաններ ունեք այսօրվա հետ կապված:

- Դեռևս ամիսներ առաջ Գյումրիում ավարտին էր մոտենում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունը, որի բացումը նախատեսված էր այսօր՝ իր ծննդյան օրը: Դրսից բազմաթիվ հյուրեր պետք է գային: Նաև իր անունով ու դիմանկարով պատվո տախտակ պետք է փակցվեր այն շենքի շքամուտքի պատին, որտեղ ինքն է բնակվել: Գյումրու քաղաքապետը շատ լավ միջոցառում էր ծրագրել, սակայն, ցավոք, համավարակի հետ կապված արտակարգ դրություն է, այս պայմաններում այն իրականացնել հնարավոր չէ, հյուրերն էլ չեն կարող գալ: Մարզադպրոցի և հուշատախտակի բացման արարողությունը հետաձգվեց, մինչև կյանքը նորից բնականոն հունին վերադառնա: Այսօր բարեկամական նեղ շրջանակով՝ 7-8 հոգով, գնացինք Կոմիտասի անվան պանթեոն, իր շիրիմին ծաղիկներ դրեցինք, խնկարկեցինք ու եկանք:

- Իր ընտանիքը՝ կինը, որդիները, հիմա Հայաստանո՞ւմ են:

- Ընտանիքը մեկ ամսով գնաց ԱՄՆ, պետք է արդեն վերադարձած լինեին, բայց սահմանափակումների պատճառով չեն կարողանում: Բայց տատիկս՝ Յուրի Վարդանյանի մայրն, այստեղ է:

- Դուք Գյումրիո՞ւմ եք ապրում:

- Մոտ երկու տարի է՝ Երևանում եմ ապրում:

- Յուրի Վարդանյանն ինչպե՞ս, ի՞նչ միջավայրում էր սիրում ծննդյան օրն անցկացնել:

- Այդ օրը սիրում էր ընտանեկան միջավայրում լինել, հեռախոսն էլ 2 օրով անջատում էր: Դե, ճանաչված մարդ էր, բոլորն էլ ուզում էին շնորհավորել, ու հեռախոսն այդ օրերին անդադար զանգում էր, դրա համար ստիպված էր գոնե երկու օր անհասանելի դառնալ ու ընտանիքի հետ անցկացնել: Հատկապես վերջին տարիներին: Չէ՞ որ երկար տարիներ Ամերիկայում է բնակվել, վերադառնալուց հետո ցանկացած առիթ օգտագործում էր հարազատների հետ առանձնանալու համար, երևի ուզում էր տարիների բացակայությունը լրացնել… Պետք է ասեմ՝ իր ծնունդները շատ ուրախ էին անցնում, շատ անկաշկանդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել