Առավոտվանից հայաստանյան բոլոր բնակավայրերում լսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը։ Նիկոլը որոշել է դառնալ հայաստանյան Յուրի Լևիտան, որի ձայնը Հայրենական պատերազմի տարիներին լսվում էր խորհրդային բոլոր ռադիոընդունիչներից։

Նիկոլ Փաշինյանը երկու օր է՝ ջանադրաբար փորձում է հասարակությանը համոզել, որ կորոնավիրուսի տարածման համար մեղավոր է հենց ժողովուրդը, որն անկազմակերպ է, անկարգապահ է, օրենքներ չհարգող է և այլն։ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության բոլոր սխալների համար փորձում է մեղադրել ժողովրդին, որն իբրև թե դիմակ չի կրում՝ դրանով նպաստելով վարակի տարածմանը։

Նախ՝ խնդիրը հենց ի սկզբանե դիմակի կրելու մեջ չէ, քանի որ վարակի տարածման հիմնական պատճառը համընդհանուր կարանտինի բացակայությունն է։ Շատ երկրներ, այդ թվում՝ նաև մեր հարևան Վրաստանը, ԵՐԿԱՐԱՏԵՎ կարանտին մտցրին՝ հոգալով տանը մնացած մարդկանց մինիմալ պահանջները՝ միևնույն ժամանակ բավական բարձր տուգանքներ սահմանելով կարանտինը խախտողների նկատմամբ։

Իսկ Հայաստանի իշխանությունները մեկամսյա կարանտինից և միանվագ օգնության ծրագրեր իրականացնելուց հետո բոլորին «ազատ արձակեցին»՝ բացահայտ ակնարկելով, որ պետությունն ի վիճակի չէ մարդկանց կարանտինում պահելու և հոգալու նրանց մինիմալ ծախսերը։ Արդյունքում կորոնավիրուսը սկսեց տարածվել երկրաչափական պրոգրեսիայով, որի հետևանքները մենք տեսնում ենք ամեն օր։

Սեփական անճարությունը ժողովրդի վրա բարդելու համար էլ առաջ է մղվում այն թեզը, որ կորոնավիրուսը տարածվում է դիմակ չկրելու հետևանքով։ Վարչապետն, ընդունելով այն փաստը, որ շատերը չեն կարող ամեն օր 3-4 դիմակ գնել, զարմանալի առաջարկով է հանդես գալիս, թե տան պայմաններում պատրաստեք, երբ շատերն այդ հնարավորությունն էլ չունեն։ Ավելին՝ փողոցում տեսածս մարդկանց շատերի դիմակներն ուղղակի վարակի բուն են։

Հայաստանում կորոնավիրուսի ահագնացող տարածումը կանխելու համար, ըստ իս, պետք է համընդհանուր կարանտին մտցնել՝ իշխանությունների կողմից մարդկանց համար ապահովելով մինիմալ պահանջներ և խիստ պատիժ այն խախտողների համար՝ այնպես, ինչպես, ասենք, Վրաստանում արվեց։

Այն պայմաններում, երբ ամեն ինչ բաց է, և իշխանությունները պահանջում են մարդկանցից դիմակ կրել, դրանով հարց չի լուծվի։

Հ.Գ. Ի դեպ, չզարմացա, երբ երեկ Նիկոլը, ով իր հարազատ թիմակիցների իշխանության գալուց հետո միայն պարգևավճարների համար ծախսել է, ըստ ԶԼՄ-ների, 110 միլիոն դոլար գումար, ժողովրդի ինչ-որ մասին տրված այդ միանվագ օգնության առնչությամբ հայտարարեց. «Լավ էր՝ չտայինք էդ օգնությունը, ասեինք՝ ոնց ուզում եք, ապրեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել