Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս իշխանության մեջ փայատեր որոշ քաղաքական գործիչներ առաջ են տանում այն թեզը, որ կորոնավիրուսի դեմ պատերազմող իշխանություններին քննադատողները դավաճաններ են: Այսպիսի պրիմիտիվ և տգետ միջոցով Փաշինյանն ու նրան սատարողները փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ ուղղակի վարկաբեկել և նսեմացնել ընդդիմադիրներին, որոնք բացահայտում են գործող իշխանությունների սխալները և սթափեցնող դեր կատարում, որ Փաշինյանի` առանց այդ էլ հիմնականում դիլետանտներից և սեփական գործից անտեղյակներից կազմված այս կառավարությունն ավելի զգոն գործի:

Բացարձակ չեմ զարմանում Նիկոլի` արդեն երկու օր իրեն քննադատողների հասցեին հնչող վիրավորանքներից և ագրեսիվ հռետորաբանությունից, հաթաթաներից և կեղծ մեղադրանքներից, քանի որ Փաշինյանն արդեն երկու տարուց ավել է՝ չի էլ թաքցնում, որ իրեն իշխանության ամբողջ բարիքները և բերկրանքը վայելելու համար հիմնականում խանգարում են իր ընդդիմախոսները, քանի որ հասարակության անգրագետ (կրթական ցածր ցենզով) և քաղաքականությունից ոչինչ չհասկացող մասսային ուղղակի կարելի է կերակրել հիմար թեզերով, օրինակ՝ «Ժամանակ է պետք, որ նոր իշխանավորները կառավարել սովորեն», «Երկիրն այսքան տարի թալանվել է, և այն վերականգնելը դժվար է» կամ ամենաաբսուրդայինը, բայց վախեցնողը. «Եթե Նիկոլը չլինի, հները հետ կգան»: Ու այսպիսի շաբլոնային, պրիմիտիվ ու տգետ պատճառաբանություններով գործող վարչակարգը համոզում է «պողոսոտ» մասսաներին, որ իրենք դեռ վատ են ապրելու, բայց միևնույն ժամանակ այդ ընթացքում Փաշինյանն ու նրա ապիկար թիմն այս երկու տարվա մեջ «բոմժերից» վերածվեցին «քիփլիկ օլիգարխների»՝ իրենց վարքուբարքով գրեթե ոչնչով չզիջելով նախկիններին:

Իշխանության գալուց հետո Փաշինյանին իր սեփական սխալները մատնանշողներին իշխանությունների սպասարկողները սկսեցին պիտակավորել և բոլոր ընդդիմախոսներին չեզոքացնելու համար շատ պարզ բանաձև գտան՝ բոլորին մեղադրեցին նախկինների հետ համագործակցելու մեջ՝ մոռանալով, որ Նիկոլի «աջը պաչած» շատ նախկին օդիոզ օլիգարխներ և պաշտոնյաներ մեծ հաճույքով լծվեցին այս իշխանություններին ծառայություններ մատուցելու անպատվաբեր գործին:

Իսկ հիմա, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, դեմագոգ Նիկոլը որոշել է իր կառարավությանը քննադատողներին մեղադրել թիկունքից հարվածելու մեջ` մոռանալով, որ աշխարհի որևէ ժողովրդավարական երկրում որևէ ղեկավարի մտքով չի անցնի իրեն քննադատողներին սպառնալ, այդ թվում՝ նաև ժողովրդի անունից: Սա տկարամիտ և վախկոտ գործչի վարքագիծ է, ով արդեն երկու տարուց ավել է՝ ամեն ինչ անում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում չձևավորվեն ընդդիմադիր բևեռներ, որ ինքը շարունակի «կայֆեր-կայծերով» կառավարել երկիրը:

Տեսնես Թրամփի մտքով չի՞ անցել Բայդենին մեղադրել դավաճանության մեջ, կամ Բորիս Ջոնսոնը, կամ Էմանուել Մակրոնն իրենց խիստ քննադատողներին ինչու չեն սպառնում ժողովրդով, ինչպես անում է պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը: Նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինի մտքով չի անցնում հիմա իրեն ավելի խիստ քննադատող Նավալնուն պիտակավորել, երբ նա էլ է պատերազմում կորոնավիրուսի դեմ:

Փաշինյանն իր էությամբ բռնապետ է՝ «ֆաշիզմի բացիլակիր», ով չի ընդունում որևէ քննադատություն և ցանկանում է երկիրը կառավարել այնպես, ինչպես ժամանակին դա արեցին Իտալիայում Մուսոլինին և Գերմանիայում՝ Հիտլերը: Մնում է միայն նրանց օրինակով արգելել բոլոր քաղաքական ուժերի և կազմակերպությունների գործունեությունը՝ բացի «ՔՊ»-ից և նրան սպասարկող արբանյակներից:

Հ.Գ. Փաշինյանը չի թաքցնում, որ հիմա նրան պետք չէ նույնիսկ գրպանային ընդդիմություն, որն, ի դեպ, կա: Նա չի ցանկանում, որ բարձրաձայնվի իր էլիտար, բայց գյորմամիշ մնացած պաշտոնյաների պարգևավճարային թալանը, չի ցանկանում անդրադառնալ իր կարդրային՝ ԽԾԲ-ական քաղաքականությանը, չի ուզում խոսել արցախյան բանակցություններից, ծխախոտի տապալված մաքսանենգությունից, Հայաստանից արտահանված ադամանդներից, կեղծ տեղեկություններ պարունակող իր գրառումներից և շատ այլ բաներից, որոնց պատասխանները նա չունի:

Ընդդիմություն չունեցող երկիրը գլորվում է բռնապետության գիրկը, որտեղ ծաղկում են իշխանական բեսպրեդելը և լճացումը բոլոր բնագավառներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել