«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը:

Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսեւորեն վաղը եւ մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, եւ պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, եւ որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսեւորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ եւս չեզոք դիրք գրավեն, որեւէ կերպ, որեւէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին եւ այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա:

Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաեւ խորհրդարանում եւ որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել